Մատչելիության հղումներ

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների իր պաշտոնակցի հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հաղորդագրությունում ասված է, որ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին:

Փաշինյանը Նիդերլանդների վարչապետի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա:

Մարկ Ռուտեն կարևորել է կողմերի միջև հրադադարի պահպանումը և խաղաղ գործընթացի վերսկսումը:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG