Մատչելիության հղումներ

Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 532 զոհ


Պաշտպանության բանակն այսօր հրապարակեց ևս 16 զոհված զինծառայողների անուններ, միևնույն ժամանակ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, որ երեկ և այսօր հրապարակված ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ՝ պարզվել է, որ ցուցակում ներառված 10 զինծառայողներ ողջ են:

Սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ արդեն հայտնի է 532 զոհի մասին։ Իսկ Ադրբեջանն իր կորցրած զինծառայողների անունները կամ թիվը չի հրապարակում՝ պատճառաբանելով, թե դա «ռազմական գաղտնիք է»։

Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ թեև գիշերը հարաբերականորեն խաղաղ էր, այդուհանդերձ առավոտյան Ադրբեջանը հարավային, հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ, հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիսարևելյան հատվածում:

«Մարտերը այսօր սկսվել են աննախադեպ մեծ հրետակոծությամբ՝ հրետանային պատրաստությամբ: Ադրբեջանն առաջին վայրկյանից էլ մեղադրում էր հայկական կողմին հրադադարը խախտելու մեջ այն դեպքում, երբ ինքը հրադադարը չի էլ պահպանել ընդհանրապես, որ մի հատ էլ խախտի: Ադրբեջանական կողմը չի խախտել հրադադարը, ադրբեջանական կողմն ուղղակի չի կատարել հրադադարը», - ասաց Հովհաննիսյանը:

Ըստ հայկական պաշտոնական աղբյուրների՝ գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել խաղաղ բնակավայրերը, խախտելով մարդասիրական հրադադարի ռեժիմը։ Թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։ Զոհեր ու վիրավորներ չկան։

Նույն ծառայության հաղորդմամբ՝ միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել է թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։

Իսկ ահա ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ այս գիշերը առաջնագծում իրավիճակը լարված է եղել Աղդամի և Ֆիզուլի-Հադրութ ուղղություններով։

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակն իր հերթին հակադարձում է ադրբեջանական կողմի մեղադրանքներին, թե Հայաստանը կոպտորեն խախտելով մարդասիրական հրադադարը՝ կրակ է բացել Թարթառի, Աղդամի և Գորանբվոյի շրջանների խաղաղ բնակիչների ուղղությամբ։

«Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար», - գրում է Շուշան Ստեփանյանը՝ հերքելով նաև ադրբեջանական կողմի այն տեղեկությունը, թե Աղջաբեդի շրջանը կրակի տակ է պահվում հայկական զինուժի կողմից։

Արծրուն Հովհաննիսյանն էլ պնդում է՝ սա Ադրբեջանի ձեռնագիրն է, ռազմական օբյեկտները տեղադրել բնակավայրերին մոտ և հետո էլ մեղադրել հայկական կողմին։ «Ռազմական օբյեկտների շուրջ ստեղծել խիտ բնակեցվածություն, ինչպես նաև խիտ բնակցված բնակելի հատվածներում տանել և տան բակերում, այգիներում տեղադրել ռազմական նշանակության օբյեկտներ, հետո աղաղակել, որ խոցել են, այս տունը վնասվել է: Բա ի՞նչ պետք է անենք, թույլ տանք, որ բակից հրանոթով կամ տանկով մեր վրա կրակեն և մենք պատասխան չտա՞նք», - ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը:

Անցած շաբաթ Մոսկվայում համաձայնեցված հումանիտար հրադադարն, ըստ էության, արդեն չորրորդ օրն է՝ չի պահպանվում, ինչի հետևանքով էլ զոհվածների դիերի տարհանում և գերիների փոխանակում չի իրականացվում։ Կողմերը շարունակաբար իրար են մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու համար։

Ըստ հայկական կողմի՝ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից մինչ օրս առնվազն 31 խաղաղ բնակիչ է զոհվել, ադրբեջանը հաղորդում է 41 քաղաքացիական անձի մահվան մասին։

XS
SM
MD
LG