Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիներն, Արցախի օմբուդսմենի փոխանցմամբ, Հադրութում երկու խաղաղ բնակչի են գնդակահարել


Արցախ - Հադրութ, 29-ը սեպտեմբերի, 2020թ․
Արցախ - Հադրութ, 29-ը սեպտեմբերի, 2020թ․

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ, երեկ առավոտյան Հադրութ ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են տանը գտնվող երկու խաղաղ բնակչի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա մորը։ Ադրբեջանն այս տեղեկությունը հերքում է։

Ըստ Արցախի օմբուդսմենի, զոհերի թիվը նախնական է, հնարավոր է՝ ավելին լինի։

«Առնվազն երկուսի մասին է խոսքը, բայց կարծես ավելին են, դեռ չեմ ուզում թիվ հրապարակել, ճշգրտումներն ու հետազոտությունները կատարում ենք, համապատասխան քննությունն անցկացվում է։ Մի բան միանշանակ է, երբ դիվերսիոն խումբը ներթափանցել է Հադրութ, բավականին խոշոր դիվերսիոն խումբ է եղել, նախ իրենք սկսել են վառել որոշ տներ՝ փորձելով, հավանաբար, նաև ահաբեկել քաղաքացիական բնակչությանը, և կոնկրետ դեպքեր գիտենք, որ որտեղ քաղաքացիական բնակչության են հանդիպել, գնդակահարել են, ես նույնիսկ կասկածներ ունեմ, որ կարող են դեպքեր լինել նաև խոշտանգման, դիակապտության և այլն։ Բայց առնվազն այս պահին հաստատված է, որ երկու քաղաքացիականի սպանել են և իրենց տանն են գնդակահարել, այսինքն՝ ակնհայտ է, որ նրանք որևէ վտանգ չեն ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի հանդեպ», - ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Բեգլարյանը հիշեցնում է 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշում գնդակահարված անձանց հետ տեղի ունեցած վայրագությունների մասին, երբ Ադրբեջանի զորամիավորումներին հաջողվել էր մտնել Թալիշ, որտեղ այդ ժամանակ մնացել էին մի քանի խաղաղ բնակիչ։ Ադրբեջանցիները գնդակահարել և կտրել էին ամուսինների ականջները, գնդակահարել էին նաև 92-ամյա կնոջ։

Արտակ Բեգլարյանը հույս է հայտնում, որ այս անգամ Հադրութում նման դաժան հանցագործություններ չեն կատարվել․ - «Ես մեծ հույս ունեմ, որ այդպիսի բան, այդպիսի դաժան հանցագործություններ՝ պատերազմական հանցագործություններ չեն կատարել։

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը, Բեգլարյանի խոսքով, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում, նախնական տվյալներով, սպանվել է առնվազն 23 խաղաղ բնակիչ։ Մարմնական վնասվածքներ է ստացել առնվազն 102 մարդ։ Օմբուդսմենի փոխանցմամբ, զոհերի թիվը կարող է և ավելին լինել, ինչը կապում է հատկապես Հադրութում երեկ տեղի ունեցած դեպքով։

Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Նրա խոսքով՝ Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է:

Ադրբեջանական կողմը երեկ հաղորդել էր, որ սեպտեմբերի 27-ից սկսած քաղաքացիական բնակչության շրջանում 31 զոհ է ունեցել։

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացնում Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ ապացույցներ

Հայաստանի կառավարությունը միևնույն ժամանակ շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ ապացույցներ, «Ազատության»-ը տեղեկացրեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Վերջին ներկայացրած ապացույցները վերաբերում են վերջին մեկ երկու օրերի ընթացքում կատարվածներին, մասնավորապես, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա թիրախային հարձակումը, որը կոպտագույն խախտում է հանդիսանում, թե՛ մարդասիրական իրավունքի, թե՛ ընդհանրապես մինիմալ ստանդարտների մարդասիրության տեսանկյունից։ [Հադրութի դեպքի հետ կապված] դեռ չենք հասցրել, բայց անպայման առաջիկայում նոր թարմացում կուղարկենք այսօր կամ առավոտյան», - ասաց Կիրակոսյանը։

Նրա փոխանցմամբ, նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ․ - «Խոսքը վերաբերվում է և՛ տարբեր պետությունների, կամ միջազգային կազմակերպությունների կողմից արված հայտարարություններին, և՛ նաև հեղինակավոր միջազգային պարբերականներում կատարված հիմնարար վերլուծություններին»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG