Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը կդիմի ՀՀ իշխանություններին Արցախի անկախության ճանաչման համար խաղաղության չպահպանման դեպքում


Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին, քիչ առաջ ասուլիսին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա` այսպես կերևա նաև այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, և աշխարհը կտեսնի նաև այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին. - «Այո, այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին»:

Նա նշեց`ակնկալում են միջազգային հանրության առարկայական արձագանքը ձևավորված կոալիցիային` Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ:

«Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, և մենք այդ իրավունքի շրջանակներում նաև Հայաստանի Հանրապետության հայության անմիջական մասնակցությամբ այն իրականացնելու ենք: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս, Արցախի ժողովրդի իր սեփական հողում ապրելու իրավունքը միջազգայնորեն հաստատված ու ճանաչված է», - շեշտեց Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ նա հայտնեց, որ առավոտյան համեմատաբար հանգիստ է եղել Արցախում, առաջնագծում հրաձգություններ են, միջդիրքային պայքար է, Արցախի բնակավայրերը չեն հրթիռակոծվել. - «Երեկ մենք բոլորս վկայում ենք, որ հրադադար չի եղել»:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

Առավել մանրամասն` քիչ անց

XS
SM
MD
LG