Մատչելիության հղումներ

Փարիզը հաղորդում է մոտալուտ հրադադարի մասին


Արցախի ՊԲ զինծառայողը շփման գծում, արխիվ
Արցախի ՊԲ զինծառայողը շփման գծում, արխիվ

Ելիսեյան պալատը հաղորդում է, թե Ղարաբաղում առաջիկայում կարող է հրադադար հաստատվել։

«Ֆրանսիայի նախագահը երեկ երեկոյան վերստին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, այսօր առավոտյան՝ Ադրբեջանի նախագահի։ Կողմերը գնում են դեպի կրակի դադարեցման», - France-Presse-ին ասել են նախագահական նստավայրից։ «Հրադադարը կարող է հաստատվել այս գիշեր, կամ՝ վաղը, թեև իրավիճակը տեղում մնում է անկայուն», - հավելել է Էմանյուել Մակրոնի խոսնակը:

Հայաստանի վարչապետի գրասենյակը ավելի վաղ հաղորդել էր՝ Մակրոնի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը և միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել էր կողմերին «դադարեցնել կրակը մարդասիրական նկատառումներով՝ գերիների փոխանակման ու զոհվածների աճյունները հանելու համար»։

Կրեմլի նախաձեռնությամբ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր Մոսկվայում կհանդիպեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ։ Սա նրանց առաջին հանդիպումն է մոտ երկու շաբաթ առաջ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։

XS
SM
MD
LG