40 միլիարդ դրամով ավելանում են ռազմական ծախսերը։ Ազգային ժողովը քննարկում է բյուջեում կատարվող փոփոխությունների նախագիծը։ Ռազմական գործողությունները բացասական ազդեցություն կունենան տնտեսական ակտիվության վրա։
Սպասվող փոփոխություններն ու դրանց հետևանքները Ազգային ժողովում ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը․ - «Պետք է հիշեցնեմ, որ ապրիլին ընդունված վերանայման շրջանակում մենք ակնկալում էինք, որ համախառն ներքին արդյունքը այս տարվա համար կլինի 6 տրիլիոն 485 միլիարդ դրամ, և եկամուտների և ծախսերի համապատասխան վերանայումների արդյունքում մեր պակասուրդը կկազմի վերանայված համախառն ներքին արդյունքի շուրջ 5 տոկոսը։ Կամ բացարձակ թվով՝ 324 միլիարդ դրամ, որը երկու անգամ ավելին էր, քան 2020 թվականի սկզբնական տարբերակով հաստատված բյուջեի պակասուրդն էր։
Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաև անորոշությունների ու ռիսկերի աճ: 2020 թվականին սպասվում է 6,8 տոկոս տնտեսական անկում ավելի վաղ նշված 2 տոկոսի փոխարեն: Սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:
Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, մանրամասնեց ֆինանսների նախարարը․ - «Նման ժամանակահատվածում առաջանում են ռիսկեր հարկեր – ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի հետ կապված, և այս տրամաբանությամբ գնահատվել է, որ մենք կարող ենք ունենալ շուրջ 0,3 տոկոսային կետ հարկեր – ՀՆԱ հարաբերակցության անկում։ Դատելով նախորդ ժամանակահատվածի վիճակագրությունից, ինչպես նաև միջազգային փորձից ու դրանով պայմանավորված՝ 2021 թվականի բյուջեի նախագծի շրջանակում Ազգային ժողովին ներկայացված 2020 թվականի սպասվող հարկային եկամուտների հետ համեմատած, շուրջ 35 միլիարդ դրամով պակաս հարկային եկամուտներ է ակնկալվում առաջարկվող նախագծով։ Կամ բացարձակ թվով՝ մեկ տրիլիոն 320 միլիարդ դրամ։ Եվ այս հարաբերակցությունը հաշվի առնելով՝ ինչպես արդեն ասացի, ենթադրվում է, որ մենք կունենանք համախառն ներքին արդյունքի հավանական մեծության շուրջ 7,4 տոկոս կազմող պետական բյուջեի դեֆիցիտ, կամ շուրջ 459 միլիարդ դրամ»։
Հարկաբյուջետային ցուցանիշների փոփոխությունները կհանգեցնեն կառավարության պարտքի բեռի աճին, բայց ցուցանիշները վերլուծելու ժամանակը չէ, այս պահին այս պահին առաջնահերթը Հայաստանի և Արցախի հանրապետության անվտանգության ապահովումն է, ասաց Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը․ - «Այս նախագիծը առավելապես բանակի թիկունքը ավելի ամուր պահելու համար ֆինանսներ, ֆինանսական ռեսուրսներ հատկացնելու մասին է, որին, բնականաբար, հանձնաժողովը միաձայն աջակցել է։ Այո, պետական պարտքը կարող է ավելանալ։ Բայց ես կարծում եմ, որ մենք դեռ ժամանակ կունենանք քննարկելու թե՛ տնտեսական ցուցանիշները, թե՛ վերլուծելու դրանք, ինչպես նաև գտնելու այն ուղիները, որոնցով պետք է լուծենք տնտեսական խնդիրները»։
Բյուջեի փոփոխությունների նախագծի քննարկումը կշարունակվի վաղը։
Ազգային ժողովուն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց երկու օրենսդրական նախագիծ, որով պետական ծառայողները, պաշտոնայներն կկարողանան իրենց սոցիալական փաթեթների չծասխված գումարները փոխանցել հանրապետական նշանակության զարգացման տարբեր հիմնադրամներին։