Մատչելիության հղումներ

ՄԻՊ. Առանց տարբերակման հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս


Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում են թիրախային հարձակումներ, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ակնհայտ է, որ առանց տարբերակման (indiscriminate) հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս, այդ թվում՝ սպանություններ ու ավերածություններ: Այդ մասին վկայում են ոչ միայն ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային թիրախային հարձակումները, արդեն իսկ դրանց առաջացրած ծանր հետևանքները, այլ նաև արգելված զինատեսակների անընդհատ օգտագործումը քաղաքների ու գյուղերի նկատմամբ», - նշել է Թաթոյանն իր հայտարարությամբ:

Նշվածին նա ավելացրել է «արդեն ապացույցներով հաստատված փաստի՝ վարձկանների օգտագործումը, ինչպես նաև էթնիկ հայերի նկատմամբ լայնածավալ ատելության խոսքն ու բռնության, այդ թվում՝ սպանության կոչերը, որոնք ունեն պետական աջակցություն»:

«Եվ արդեն ակնհայտ է, որ այս ամենը վկայում է էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին», - շեշտել է ՄԻ պաշտպանը:

Նշենք, որ Ադրբեջանը ևս հաղորդագրություններ է տարածում իր բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ, որոնք հայկական կողմը հերքում է:

XS
SM
MD
LG