Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ը հերքում է Մինգեչաուրի, Խըզըի և Ապշերոնի թիրախավորման մասին Բաքվի պնդումները


Ադրբեջան - Մինգեչաուրի ջրամբարը, արխիվ
Ադրբեջան - Մինգեչաուրի ջրամբարը, արխիվ

«Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում», - շեշտում է ՊՆ խոսնակը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, դրանք որակելով հերթական կեղծիք։

«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է», - Ֆեյսբուքում գրել է նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Մեկ այլ գրառմամբ խոսնակը նշում է. - «Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում»:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը սոցցանցերում գրառումներով պնդել է, մասնավորապես, թե Գյանջայի վրա արձակվել է 4-ից ավելի հրթիռ, Խըզը և Ապշերոն շրջանի վրա՝ 300 կմ հեռահարությամբ 2 հրթիռ, Մինգեչաուրի ջրամբարի և էլեկտրակայանի ուղղությամբ՝ 4 հրթիռ: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ ենթակառուցվածքներին լուրջ վնաս չի հասցվել, կան մի քանի վիրավորներ:

XS
SM
MD
LG