Հայկական բանակը ռազմական գործողությունների երրորդ օրը զգալի հաջողություններ է գրանցել, երեկ ուշ երեկոյան կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ հայկական կողմը հստակ կատարում է մարտական խնդիրները:
«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը գրեթե ողջ սահմանի երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները», - ասաց նա:
Շտկումներից հետո Պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ հայկական կողմը մարտերի հետևանքով 80 զինվորական է կորցրել: Ավելի ուշ էլ հաղորդվեց, որ Թուրքիայի կործանիչի կողմից հայկական հարվածային ինքնաթիռ է խոցվել, որի օդաչուն ևս մահացել է:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերին պատկանող F-16 կործանիչները առաջին իսկ օրվանից մասնակցել են ռազմական գործողությունների համակարգմանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի կորուստներին, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ ռազմական գործողությունների սկսման պահից ի վեր հակառակորդը 790 զինծառայող է կորցրել: Նրանցից 180-ը զոհվել են Քարվաճառի ուղղությամբ իրականացվող մարտերի ընթացքում:
Ադրբեջանն իր զինվորականների շրջանում զոհերի մասին առայժմ չի հայտնում, միայն նշում է, որ մարտական գործողությունների ընթացքում մեկ տասնյակ քաղաքացիական անձ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել:
«Մոտավոր տվյալներով՝ կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր զորատեսակների բոլոր ստորաբաժանումները միասին վերցրած, հայկական ստորաբաժանումները հակատանկային տարբեր միջոցներից, այդ թվում նաև՝ ոչ հակատանկային միջոցներից, այսօր ես առիթ ունեցա նշել հենց դրա մասին, որ հրետանային միջոցներով ևս տանկեր ենք խոցել, 137 տանկ ենք խոցել և զրահատեխնիկա հակառակորդի: Ոչնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ», - մանրամասնեց Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը:
Հովհաննիսյանի խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերին պատկանող F-16 կործանիչները մարտերի առաջին իսկ օրվանից մասնակցել են ռազմական գործողությունների համակարգմանը:
Դիրքերի կորուստների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասաց՝ դա էական չէ. - «Մենք կարող ենք ունենալ ինչ-որ դիրք վերցրած, ինչ-որ դիրք հանձնած՝ դա բացարձակ էական չի: Այս պատերազմը առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է»:
Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով, որ երևում է, թե ինչպես են ադրբեջանական ծանր հրետանային համակարգերը, իրենց իսկ քաղաքացիներին կենդանի վահան դարձնելով, բնակավայրում տեղակայվում և այնտեղից կրակում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարության ներկայացրածդիմումի հիման վրա որոշել է միջանկյալ միջոց կիրառել, հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:
Եվրադատարանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը:
Երոկւ կողմերը հնարավորինս սեղմ ժամկետում իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան:
Հայաստանը ՄԻԵԴ-ից պահանջել էր Ադրբեջանին պարտադրել՝ դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախը պարենային ապրանքների պակաս այժմ չունի: Այս մասին հայտարարեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նա նաև ներկայացրեց սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների հասցրած վնասները:
«Ռազմական գործողությունների մեկնարկը բավականին էական վնասներ է հասցրել և՛ քաղաքացիական բնակչությանը, և՛ ընդհանուր տնտեսությանը: Մենք անմիջապես անցել ենք վնասների վերականգնման աշխատանքներին՝ առաջնահերթ, բնական է, դա վերաբերում է ենթակառուցվածքներին», - ասաց Արցախի պետական նախարարը: