Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին հատուկ հաղորդում է ուղարկել Արցախում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից «ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով», հայտնում է Թաթոյանը:
«Սա հատուկ ընթացակարգ է, ու այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Հաղորդումն ուղարկվել է նաև միջազգային այլ կառույցների: «Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Հաղորդման մեջ եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները», - հայտնել է ՄԻ պաշտպանը: