Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով այսօր այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ:
Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելու համար: