Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։
«Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:
«Ազատության» թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում գիշերը համեմատաբար խաղաղ է անցել, միայն հեռվից լսվում էին խոշոր տրամաչափի զենքի կրակոցների ձայներ:
Ուշ երեկոյան, գիշերը Ստեփանակերտում հազվադեպ կարելի էր մարդկանց հանդիպել՝ բնակիչները ռմբապաստարաններում են, տանն են, քաղաքի լույսերն անջատված են անվտանգության նկատառումներով:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: