Մատչելիության հղումներ

Հակառակորդը, ճշտված տեղեկություններով, ունի մոտ 200 մարդկային կորուստ. Արծրուն Հովհաննիսյան


Հակառակորդը, ճշտված տեղեկություններով, ունի մոտ 200 մարդկային կորուստ, մոտ երեք տասնյակ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ներ և այլ սարքավորումներ, հայտարարեց Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմի մոտ 100 վիրավորներից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն, մնացածների վիճակն ավելի թեթև է:

«Մեր գործողությունները ի սկզբանե երբեք էլ զուտ պաշտպանողական չեն եղել, բայց չնշենք՝ որտեղ ինչ ենք անում», - ասաց նա:

«Մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների և՛ գրոհայինների մասով, և՛ ընդհանրապես Թուրքիայի միջամտության մասով, և՛ թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով՝ ադրբեջանական զինված ուժերում, դրանք արդեն կասկած չհարուցող փաստեր են», - հայտարարեց Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչը:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Արցախի պաշտպանության փոխնախարարը հայտնել է 16 զոհի և հարյուրից ավելի վիրավորի մասին:

XS
SM
MD
LG