«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցով այսօրվա դատական նիստին պաշտպաններից բացի, նաև հենց ինքը՝ Ծառուկյանը ներկայացավ։ Մինչ դատարանը մտնելն ընդդիմադիր ուժի առաջնորդը լրագրողների հարցերին պատասխանեց։ «Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը լավանա, հարց չկա», - այսպես արձագանքեց ԲՀԿ ղեկավարը շրջանառվող լուրերին, թե իրեն կալանավորելու են։
«Ամեն ինչ ցույց կտա, դատական պրոցեսը ցույց կտա», - ասաց նա:
Ավելի քան 2 ժամ տևած նիստից հետո Ծառուկյանը դատարանի շենքից դուրս եկավ և հորդորեց հարցերն ուղղել իր փաստաբաններին։ Պաշտպանները տեղեկացրին՝ իրենք միջնորդել են, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն ինքնաբացարկ ներկայացնի։ Երեմ Սարգսյանը հայտնեց, թե իրենք հավաստի տեղեկություններ ունեն, որ որոշ պաշտոնյաների միջամտությամբ է ԲՀԿ առաջնորդին կալանավորելու հարցի քննությունը վերապահվել հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին. - «Որոշված է, որ գործը պետք է մուտքագրվի հենց այս օրը, որպեսզի հստակ հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այս տեղեկատվությունները հետագայում հաստատվեցին որոշակի օբյեկտիվ փաստական տվյալներով, մասնավորապես այնպիսի հանգամանքներ տեղի ունեցան, որոնք որևէ այլ գործով տեղի չեն ունենում»:
Դեռ հայտնի չէ` դատավոր Մնացական Մարտիրոսյանը ինչ որոշում է կայացրել իր ինքնաբացարկի վերաբերյալ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ նիստը չի ընդմիջվել, կարելի է ենթադրել, որ այդ միջնորդությունը մերժվել է։ Մինչ նիստի վերսկսելը Ծառուկյանը կրկին լրագրողների հարցերին պատասխանեց: ԲՀԿ առաջնորդը շարունակում է համարել, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում. - «Հայաստան պետությունում, անկախ պետությունում 2008 թվականից մինչև այսօր ընտրակաշառքով 7 դեպք է եղել, որից 7-ին ամենամեծ, հիմնական որոշումը եղել է ստորագրությունը հանձնելը, բայց էսօր Ծառուկյանին, ուզում էին երկրորդ քաղաքական ուժին ձերբակալել միայն նրա համար, որ քննությանը չխոչընդոտեմ: Ժողովուրդ, 3 ամիս դուրսն եմ, 100 հատ քննիչ է կցած, քանի հազար մարդ են քննել, Ծառուկյանի վրա ցուցմունք չկա, Ծառուկյանին միայն ուզում են ձերբակալել, որ քննությանը չխոչընդոտեմ»:
Այսօր նիստի մեկնարկից առաջ ու ընթացքում դատարանի շենքի առջև Ծառուկյանի թիմակիցներն ու աջակիցներն են հավաքվել։ Նրանց էին միացել նաև «Դաշնակցության» ու «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները։ Այս ուժերը Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի հետ միասին հոկտեմբերին հանրահավաք են նախատեսում, չեն թաքցնում՝ իրենց օրակարգում իշխանափոխության պահանջն է։
Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում։
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ կաշառք տալու վերաբերյալ Ծառուկյանի առնչությամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել։ Այն միացվել է նախորդ քրեական գործին։ ԱԱԾ-ից «Ազատությանը» հայտնել են, որ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել մոտ երկու տասնյակ անձի։ Այս գործով հարցաքննվել է 162 մարդ: