Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) «Ազատության» հարցմանն ի պատասխան հաղորդում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, այդ թվում Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Եվս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Այս գործով հարցաքննվել է 162 մարդ։
Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, ԱԱԾ-ն չի հաղորդում։
Օրերս ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը շատ մեծ ծավալների է հասնում. կան մի քանի տասնյակ մեղադրյալներ, առաջիկայում հնարավոր է քրեական գործն ուղարկվի դատարան։
Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Այս գործի շրջանակում հրապարակվել են միայն մի քանի մեղադրյալի տվյալներ՝ նույն արարքի համար մեղադրվող և մեղքը չընդունող ԲՀԿ նախկին պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը և Վանիկ Ասատրյանը։
Ըստ իրավապահների` 2017-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում 22 համարը զբաղեցրած տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Պողոսյանը մեկ այլ քրեական գործով իրավապահներին պատմել էր, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Եվ պայմանավորվածության համաձայն՝ Պողոսյանը դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։
Ըստ դատախազության` հենց նրանք են զբաղվել ֆինանսական հարցերով։ Իրավապահներին Վազգեն Պողոսյանը պատմել է, որ նրանցից ստացել է 10 հազարանոց թղթադրամների տրցակներ, ընդհանուր առմամբ՝ 90 միլիոն դրամ։ Ձայների ապահովման համար այս գումարը բաժանել է ԲՀԿ անդամներին ու կուսակցության ակտիվիստներին, որոնք էլ ցուցակներով իր մոտ են եկել, ստացել են այդ գումարները, որոնք պետք է բաժանեին ընտրողներին։
68-ամյա Վազգեն Պողոսյանը, որ այլ գործով մեղադրվում է Քաղաքաշինության կոմիտեի այժմ նախկին նախագահին կաշառք տալու համար, «Ազատության» հետ զրույցում հերքել էր, որ այս գումարը ստացել է ընտրակաշառք բաժանելու համար։ Ըստ նրա, այդ գումարը ստացել և ծախսել է բացառապես նախընտրական շրջանում քարոզարշավի համար։