Մատչելիության հղումներ

«Էությունն էլ եմ հասկանում, տողատակերն էլ եմ հասկանում». Սեդրակ Առուստամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ընտրակաշառքի գործով մեղադրյալ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հովիկ Սուքիասյանը։

Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելու համար։ Ըստ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի՝ 2017-ին «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն դիմել է նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և պատգամավորության մեկ այլ թեկնածու Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի ամենամտերիմներից համարվող Սեդրակ Առուստամյանն առայժմ ցուցմունք չի տվել և չի առերեսվել որևէ մեկի հետ։

«Մի անգամ փորձ արվել է հարցաքննել, էդ օրը ցուցմունք չի տվել Սեդրակ Առուստամյանը, դրանից հետո մինչև օրս չի հարցաքննվել», - ասաց փաստաբանը:

Ընտրակաշառքի այս գործով վաղը տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդության քննությունը։ Բացի այս գործից՝ Առուստամյանը անցնում է երեք տարբեր քրեական գործերով։ Դրանցից մեկը «Հյուսիս-հարավի» քրեական գործն է, որով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար։ Ըստ մեկ այլ քրգործի՝ Առուստամյանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին նրա երկու որդիների միջոցով ավելի քան 22 միլիոն դոլար կաշառք է տվել։ Առուստամյանն իրեն առաջադրված որևէ մեղադրանքը չի ընդունում։ Նա այս տարվա ապրիլից կաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով կալանավորված է։

Ծառուկյանի բիզնես կայսրության ղեկավարներից հանդիսացող Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ չնայած երկու անգամ նշանակված վարչական տույժերին՝ չի դադարեցրել Երևանի Աբովյան փողոցում շինության կառուցումը։ Այս գործով այսօրվա դատական նիստում Առուստամյանն ասաց՝ մեղադրանքի Էությունն էլ է հասկանում, տողատակերն էլ է հասկանում, և որ ինքը այս մեղադրանքը ևս չի ընդունում։

Պաշտպանը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին։ Պատճառաբանելով, որ այս քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել այդ ժամանակ քաղաքապետի տեղակալի պաշտոնակատար Կամո Արեյանի հաղորդումը՝ ուղղված դատախազությանը, ուստի նրան հայտնի են պարզման ենթակա հանգամանքներ:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը բազմիցս քննադատել է Երևանի քաղաքային իշխանություններին Աբովյան փողոցի վրա շենքի կառուցմանը խոչընդոտելու համար։

XS
SM
MD
LG