Ընդդիմությունը թեժ աշուն է խոստանում: Հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությանը խիստ քննադատող երեք ուժերը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ն ու ՀՅ Դաշնակցությունը հանրահավաք են հրավիրում:
Թեմայի շուրջ Կարլեն Ասլանյանը զրուցել է «Իմ քայլ»-ից Ռուբեն Ռուբինյանի հետ:
Ստորև՝ հատված հարցազրույցից.
Ռուբեն Ռուբինյան. – Շատերի համար ակնհայտ է, որ այս ուժերին, եթե հարցնեք՝ ի՞նչն է միավորում, որովհետև դժվար բովանդակությունը միավորի, որովհետև բովանդակություն չկա, որպեսզի միավորի, ես կարծում եմ՝ իրենց հիմա միավորում է այդ նախկին համակարգի արժեքաբանությունը և ցանկության բացակայությունը՝ հաշտվել ժողովրդավարացող, զարգացող ազատ Հայաստանի գոյության հետ:
«Ազատություն». – Բարեփոխումներ պահանջելը և դրան հասնելու ճանապարհին խորհրդարանը ցրելը, ընտրություններ անցկացնելը՝ բովանդակություն չէ՞, օրակարգ չէ՞:
Ռուբինյան. – Եվ կրկին՝ պետք է տեսնենք, թե ով ինչ է ասում և ինչու: Օրինակ՝ երբ որ ՀՅ Դաշնակցությունը, որը 2018 թվականի ապրիլին ընտրեց Սերժ Սարգսյանին որպես վարչապետ, կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի պատգամավորների կեսը, մի մասը նույնպես քվեարկեցին Սերժ Սարգսյանի օգտին, երբ որ վերջինս ընտրվում էր վարչապետ՝ այն պայմաններում, երբ որ Երևանի փողոցները լցված էին դրա դեմ պայքարող մարդկանցով, այս ուժերը արդյո՞ք տրամաբանական է, որ հիմա պահանջեն բարեփոխումներ: Այսինքն՝ ցանկացած այլ ուժ եթե դրանք պահանջի, ես հարգանքով կվերաբերվեմ դրան, բայց էստեղ ակնհայտ խզում կա տրամաբանության միջև:
Կամ էս վերջերս մի տեքստ կարդացի, որտեղ կարծեմ կրկին ՀՅԴ-ի հեղինակած կամ համահեղինակած տեքստ էր, որտեղ նշվում էր, որ 2018-ին այս իշխանությունները խոստացել են վերացնել հին բարքերը և գնալ առաջ: Դե մնում է Սերժ Սարգսյանը հիմա պահանջի կամ քննադատի նոր իշխանություններին, որ հին բարքերը չեն վերացել, կամ որ Սերժ Սարգսյանի ժառանգությունը բավարար կերպով չի վերացվում: Այսինքն՝ ուժը չի կարող գնալ առաջ կամ ինչ-որ հարգանքի արժանի պայմաններ առաջարկել, երբ որ ինքը իր իսկ նախկինը չի վերարժևորել, իր քաղաքական անցյալը չի վերարժևորել:
«Ազատություն». – Քանի որ «Բարգավաճ»-ը հերքում է, իսկ իշխանության շրջանակներից էլ արվում են այդպիսի պնդումներ, Դուք էլ կասեի՞ք, որ ուղիղ է կապը Ծառուկյանին կալանավորելու դատական գործընթացի և հանրահավաք նշանակելու միջև:
Ռուբինյան. – Ես կասեմ, որ ուղիղ է կապը, բայց ոչ թե այն առումով, որ հանրահավաք է նշանակվել և կարող է դատարանը որոշում կայացնել կալանավորելու, այլ հակառակը՝ իմանալով, որ դատական նիստը նշանակված է կամ նշանակվելու է, կրկին փորձ է արվում քաղաքական գործընթացներ ծավալել և դա օգտագործել որպես վահան:
Մի շարք գործիչներ զբաղվում են ոչ թե քաղաքականությամբ, այլ զբաղվում են իրենց չդատվելու պայքարով, և քաղաքականությունը իրենց համար ընդամենը գործիք է՝ փորձելու ազդել իրավական գործընթացների վրա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.