Մատչելիության հղումներ

Վաղը դատարանը կքննի Ծառուկյանի խափանման միջոցի հարցը


Վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նախատեսված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան: «Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան, և վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ», - գրել է Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում` հավելելով, որ խնդիրն այն է, որ Վճռաբեկ դատարանը կայացրել է Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները վարույթ չընդունելու մասին որոշում, այսինքն` ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, որի հիմքով էլ առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության:

Դատախազությունը, հիշեցնենք, պահանջում էր կալանավորել Գագիկ Ծառուկյանին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։

Նա մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է Ծառուկյանի այդ պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել միայն իրավական հարթությունում։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG