«Անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ զբաղվող իսրայելական առաջատար կորպորացիան՝ Israel Aerospace Industries-ը, 2012-ից 2014 թվականներին առնվազն 155 միլիոն դոլար է փոխանցել օֆշորային երկու ընկերությունների, որոնք ուղղակիորեն ներգրավված են եղել վերջին տարիների ամենաաղմկալի միջազգային ֆինանսական սկանդալներից մեկին՝ այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» պատմությանը», - այս մասին նախօրեին գրել է Իսրայելում լույս տեսնող ամենաազդեցիկ պարբերականներից մեկը՝ Haaretz-ը, հատուկ ընդգծելով, որ պետական ընկերության կողմից կատարված վճարումների նպատակը մինչ օրս պարզ չէ։
Թերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի քաղաքացիների կողմից հիմնադրված օֆշորային ընկերություններին կատարված կասկածելի փոխանցումների մասին հայտնի է դարձել հազարավոր գաղտնի բանկային փաստաթղթերի արտահոսքից հետո, որոնց ուսումնասիրությամբ են սկսել զբաղվել «Հետաքննող լրագրողների կոնսորցիումի» ներկայացուցիչները։
Լրագրողական հետաքննության տվյալներով՝ Իսրայելից օֆշորային գոտիներ իրականացվող վճարումների շարքը սկիզբ է առել Israel Aerospace Industries-ի և Ադրբեջանի կառավարության միջև սպառազինության վաճառքի շուրջ պայմանագրի կնքումից կարճ ժամանակ անց՝ պայմանագիր, որի ընդհանուր ֆինանսական ծավալը 1 միլիարդ 600 միլիոն դոլար է կազմել։
«Բաքվի հետ կնքված այս պայմանագիրը խոշորագույններից էր ընկերության պատմության մեջ», - նշում է Haaretz-ը՝ գրելով նաև, որ իսրայելա-ադրբեջանական գործարքի մանրամասներին քաջատեղյակ աղբյուրները պնդում են, թե կատարված փոխանցումների հասցեատերերը գործարքի կյանքի կոչմանը նպաստած միջնորդները չէին։ «Կնքված պայմանագրերով որևէ միջնորդավճար նախատեսված չի եղել», - պնդում են իսրայելական աղբյուրները։
Լրագրողների հարցերի ի պատասխան Israel Aerospace Industries-ի պաշտոնական ներկայացուցիչները սահմանափակվել են կարճ մի հաղորդագրությամբ, որում նշում են, թե իրենց գործունեությունն ընթանում է բացառապես օրենքի շրջանակներում, իսկ հաշվի առնելով ոլորտը, որում այդ գործունեությունը ծավալվել է, հավելյալ տեղեկությունների գաղտնազերծումը ընկերությունում նպատակահարմար չեն գտնում։
Չի բացառվում սակայն, որ առաջիկայում իսրայելական ընկերությունը ստիպված լինի որոշ փակագծեր բացել, քանի որ 2012-2014 թվականներին կատարված բազմամիլիոն վճարումները լուրջ հարցեր են առաջացնում։ Նախ, ըստ Aerospace Industries ընկերության ներքին աղբյուրների, Ադրբեջանի հետ սպառազինության ձեռքբերման շուրջ երկու տարի շարունակված բանակցությունները ընթացել են գրեթե լիակատար գաղտնիության պայմաններում և դրանց մասին իմացել են կորպորացիայի ղեկավարներից միայն մի քանիսը։
Ամենալուրջ կասկածները, սակայն, առաջացնում են իսրայելական վճարումների հասցեատեր ընկերությունները՝ Մարշալյան կղզիներում գրանցված Jetfield Networks և Էստոնիայում գործող Larkstone-ը։
Երկուսի հիմնադիրն էլ, ըստ իսրայելցի հետաքննող լրագրողների, նույն մարդն է՝ Ադրբեջանի քաղաքացի, 59-ամյա Ջավիդ Հուսեյնովը։
Կասկածներն էլ ավելի հիմնավոր են դառնում, երբ հայտնի է դառնում, որ Հուսեյնովի հիմնադրած ընկերություններից մեկը՝ Jetfield Networks-ը, Նոր Զելանդիայից Մարշալյան կղզիներ է տեղափոխվել 2012-ի փետրվարին՝ այն նույն օրերին, երբ առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչու սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի մոտալուտ ձեռքբերման մասին։
Թերթը հիշեցնում է, որ Jetfield Networks-ի և Larkstone-ի մասին լայն հանրությունն առաջին անգամ տեղեկացավ 2017-ին, երբ հայտնի դարձավ Ադրբեջանի իշխող վերնախավի կողմից եվրոպական բանկերի միջոցով ավելի քան 2,5 միլիարդ դոլարի լվացման մասին։
Իսրայելի հետ գործարքներում, ըստ տեղական մամուլի, եվրոպական բանկերը ևս ներգրավված են եղել՝ մասնավորապես գերմանական Deutsche Bank-ը։
Հենց Deutsche Bank- ի ներկայացուցիչներն են առաջինը կասկածել, որ գործ ունեն փողերի լվացման հետ և պաշտոնական նամակով դիմել են Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կազմում գործող Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակին՝ FinCEN-ին։
Գերմանական ֆինանսական կառույցը ամերիկացիներին տեղյակ է պահել իր կասկածների մասին, նշելով, որ մեծածավալ փոխանցումները իրականացվել են «առանց որևէ հստակ առևտրային նպատակի՝ պարզապես մենեջերական և խորհրդատվական ծառայությունների մատուցման դիմաց»։
Haaretz-ի պնդմամբ՝ ավելի քան կասկածելի այս ֆինանսական օպերացիաների բացահայտման ֆոնին իսրայելցիների համար խիստ կարևոր է մի շատ սկզբունքային հարցի պատասխանը գտնելը՝ արդյոք ավիացիոն սպառազինության արտադրությամբ և վաճառքով զբաղվող պետական ընկերության տնօրենների խորհուրդը հավանությա՞ն է արժանացրել օֆշորային գոտիներ 155 միլիոն դոլարի փոխանցմանը։
«Ընկերության ներքին կանոնները շատ խիստ են, դրանք պահանջում են, որպեսզի բոլոր գործարքները հավանության արժանանան տնօրենների խորհրդի կողմից։ Մեր զրուցակիցներից որևէ մեկին, սակայն, Jetfield Networks և Larkstone անվանումները, ինչպես նաև Ջավիդ Հուսեյնովի անունը ոչինչ չէին ասում», - գրում է Haaretz-ը։