16-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յաղուբլուի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով ազատազրկման դատապարտված ընդդիմադիր գործչին այցելած բժշկի հայտարարությունը:
Մասնագետը պատմել է, որ Յաղուբլուն սաստիկ նիհարել է և շատ տկար է, շարունակում է հրաժարվել սննդից ու ցանկացած պահի կարող է կոմայի մեջ հայտնվել:
Յաղուբլուն ճաղերի ետևում է արդեն շուրջ կես տարի, մի քանի օր առաջ Բաքվի դատարանը նրան ավելի քան չորս տարվա ազատազրկման է դատապարտել` խուլիգանության մեղադրանքով:
Իլհամ Ալիևի կոշտ քննադատը, սակայն, մեղադրանքը չի ընդունում, պնդելով, որ իր դեմ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում:
Ի նշան բողոքի՝ 59-ամյա Յաղուբլուն, ով, ըստ հարազատների, բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, ավելի քան երկու շաբաթ է հացադուլ է անում` պահանջելով արդար դատաքննություն:
Ընդդիմադիր առաջնորդն առաջին անգամը չէ հայտնվում ճաղերի ետևում. 2013 թվականին նա 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել` ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար, ազատ արձակումից կարճ ժամանակ անց` 2019-ին կրկին կալանավորվել, այս անգամ` մեկ ամսով, ոստիկանությանը չենթարկվելու համար:
Վարչական կալանքից հետո Յաղուբլուն պատմել էր` ինչպես են ուժայիններն իրեն ճնշել, կտտանքների ենթարկել ու ստիպել դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը: