Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, այսօր Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ համոզմունք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իդեալական Սահմանադրական դատարան (ՍԴ) չի ձևավորվել։ Հիշեցնենք` երեկ Ազգային ժողովը ընտրեց ՍԴ 3 նոր անդամների, որոնց թեկնածությունն առաջադրել էր կառավարությունը, նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խիստ քննադատության էին ենթարկել մասնավորապես դատավորներ Խունդկարյանի և Շաթիրյանի ընտրությունը՝ պնդելով` ՍԴ ճգնաժամն այդպես էլ չլուծվեց, իսկ դատարանի հանդեպ հանրության վստահությունը չվերականգնվեց։
Արձագանքելով հարցին, թե ինչպես է կառավարությունը ՍԴ անդամի թեկնածու առաջադրել Շաթիրյանին, հատկապես որ հանրության շրջանում հարցեր են առաջացել այդ կապակցությամբ, վարչապետն ընդգծեց, թե կան խմբեր, որոնք փորձում են հանրության անվան տակ իրենց շահերն առաջ տանել. - «Երբ որ ասում ենք` հանրության մոտ հարցեր են առաջացել, պետք է մի հատ ճշգրտել հանրության ներկայացուցիչների հասցեն, հեռախոսի համարները, որպեսզի հասկանանք` իրենք ում են ներկայացնում: Ամեն իրավիճակում կան խմբեր, կան ուժեր` քաղաքական և ոչ քաղաքական, ովքեր ուզում են իրենց օրակարգն, իրենց շահերը, իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, իրենց կամակատարներին այսպես ասած` հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել: Եվ ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Ազգային ժողովում, շատ կարևոր բան է տեղի ունեցել` Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Արդյոք սա նշանակում է, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան, ոչ չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան»:
Հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկությամբ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով այսօր սպանված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանի հիշատակը։ Նախարարն ընդգծեց` ադրբեջանական զինված ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ` փորձելով չեզոքացել հայկական դիրքերի և դիրքապահների գերակայությունը և առավելությունը, այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք. - «Այս իրավիճակն արդեն մոտ 2 շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել, երեկ ադրբեջանցիները, ունենալով վիրավոր, ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ, այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, հատուկ ներկայացուցիչը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի տեղեկացված է այս ամեն ինչի վերաբերյալ: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չի այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումներին ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ: Այսօր ունենք, ցավոք, զոհ: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, Ադրբեջանի պաշտպանություն նախարարությունը հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է, այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու»:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինանին հարցրեց, թե ղարաբաղյան խնդրի կագավորման շուրջ բանակցությունները ո՞ւր են հասել։ Բաբաջանյանը նաև հարցրեց, թե ի՞նչ է նշանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս արած այն հայտարարությունը, որ պետք է խթանել առանց նախապայմանների բանակցային գործընթացը, արդյոք դա կապ ունի 2018-ին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե Արցախը պետք է դառնա բանակցային կողմ։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանն ունի սկզբունքներ և ոչ նախապայմաններ, նախապայման ունի Ադրբեջանը, որն ասում է, թե Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական, և հայտարարությունը բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու մեր պատկերացումներին համապատասխանում է: Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, արձանագրել ենք այդ սկզբունքները, բայց և ասել ենք նաև, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, որ մենք այ մինչև այս հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի, որովհետև եթե բոլոր հարցերը լուծվել են, էլ բանակցելու կարիք չկա: Իմ ընկալումը հետևյալն է, որ նախապայման ունի Ադրբեջանը, ով ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս: Ես այդպես եմ ընկալում», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը: