Ռուսաստանում տեղական ընտրությունների նախաշեմին իրավապահները խուզարկություններ են սկսել անկախ թեկնածուներ առաջադրած Կրեմլին քննադատող կազմակերպություններում։
Ոստիկաններն այսօր մտել են «Բաց Ռուսաստան» և МБХ Медиа կազմակերպությունների գրասենյակներ։ Խուզարկություններ են կատարվում նաև «Միավորված դեմոկրատների» Վլադիմիրի, Իվանովո մարզի ու Թաթարստանի գրասենյակներում։
«Բաց Ռուսաստանի» ներկայացուցիչ Տատյանա Բուրակովան հայտնել է, որ «Յուկոսի» գործով խուզարկություններ կատարելու թույլտվությունը տվել է Մոսկվայի դատարանը։ «Տելեգրամ» կանալում նա գրել է, որ ակնհայտորեն «Յուկոսի» գործը ոչ մի կապ չունի «Միավորված դեմոկրատների» անկախ թեկնածուների հետ։
«Սա պետության կողմից ճնշումներ ու բեսպրեդել է հօգուտ «Եդինայա Ռոսիայի», որն այս ընտրություններում խայտառակ պարտվում է»,-գրել է Տատյանա Բուրակովան։
«Միավորված դեմոկրատները» Ռուսաստանի ՏԻՄ ընտրություններում 500 թեկնածու են առաջադրել։