Մատչելիության հղումներ

Սերգո Կարապետյանն անցնում է նաև Գագիկ Խաչատրյանի գործով


2010-2016 թվականները գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը, բացի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող գործից, անցնում է նաև ՊԵԿ նախկին ղեկավար, մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի գործով։

«Ազատության» հետ զրույցում դատախազ Գևորգ Սարգսյանն ասաց՝ գյուղատնտեսության նախկին նախարարը մեղադրվում է ավելի քան 800 միլիոն դրամի յուրացման համար։ Խոսքը տարիներ առաջ ազոտական պարարտանյութերի ձեռքբերման մասին է։

«Ազոտական պարարտանյութի ձեռքբերման ընթացքում թաքցրել են կառավարությունից ավելի էժան գինը, ինչի հետևանքով պետությունից որպես սուբսիդիա դուրս գրված 839 միլիոն դրամի վատնում է կազմակերպվել։ Սերգո Կարապետյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Խաչատրյանն այս դրվագով մեղադրվում է յուրացումը կազմակերպելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց դատախազ Գևորգ Սարգսյանը։

Սերգո Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Կարեն Բատիկյանը։ Ըստ փաստաբանի, Կարապետյանը նախաքննական մարմնին է ներկայացրել իր պատճառաբանությունը, որ կատարել է ղեկավարության հանձնարարականը։

Մի քանի հոդվածներով մեղադրվող նախկին ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի քրեական գործը բաղկացած է 9 դրվագից, որից մեկն էլ ազոտական պարարտանյութի ներկրմանն է առնչվում։

Ինչ վերաբերում է այս գործով յուրացման հոդվածով մեղադրվող նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ապա նա Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելու համար։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ մեղադրվում է այդքան գումարի հափշտակությունը կազմակերպելու համար։ Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս մեղադրյալներ՝ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG