Մատչելիության հղումներ

Կառավարությունում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նկատել է, որ Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված է կոռուպցիայից զերծ հանրության տեսլականը, և սա սկզբունքային կարևոր նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար:

«Իհարկե, այսօր Հայաստանի օրակարգում կարևորագույն հարցերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, բայց ռազմավարական առումով մեզ համար կարևոր է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար ունենալ, այլ ունենալ կոռուպցիայի կանխարգելման հստակ գործող մեխանիզմներ՝ նկատի ունենալով, որ կամ կոռուպցիան Հայաստանում լինի անհնար՝ համապատասխան մեխանիզմների բերումով, կամ ուղղակի այն այնքան նվազագույն մակարդակ ունենա, որպեսզի որպես հանրային խնդիր ընդհանրապես չլինի օրակարգում՝ բնականաբար, հետագա պայքարի մեխանիզմների առկայությամբ, երբ կոռուպցիայի ցանկացած դեպք առանց բացահայտման չի մնա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարությունյանը վարչապետին ներկայացրել է հանձնաժողովի անդամներ Լիլիթ Ալեքսանյանին, Արամայիս Փաշինյանին և Նարեկ Համբարձումյանին, անդրադարձել նրանց գործառույթների շրջանակին: Նա նշել է, որ հանձնաժողովը գործում է ավելի քան 8 ամիս և կազմավորումից ի վեր ողջ ներուժով ներգրավվել է առկա հենքի վրա իր գործունեության կազմակերպմանը: Կատարվել է դատական համակարգի տարբեր օղակների բարեվարքության ստուգում, գործընթացը շարունակվելու է:

Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, հակակոռուպցիոն կրթության ու իրազեկման հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG