Մատչելիության հղումներ

«Ֆիզգորոդոկում» բարձրահարկի պլանավորված շինարարությունը՝ վեճի առարկա


Պլանավորված վիճահարույց շինարարության վայրը «Ֆիզգորոդոկում», Երևան, 22-ը օգոստոսի, 2020թ.
Պլանավորված վիճահարույց շինարարության վայրը «Ֆիզգորոդոկում», Երևան, 22-ը օգոստոսի, 2020թ.

Երևանցիներին որպես «Ֆիզգորոդոկ» հայտնի թաղամասի բնակիչները դեմ են, որ իրենց 3-4 հարկանի շենքերին հարակից տարածքում 12 հարկանի նորակառույց վեր խոյանա։

Բնակիչները կասկածի տակ են դնում տարիներ առաջ այդ տարածքի սեփականաշնորհման գործընթացի օրինականությունը։ Ասում են՝ շուրջ 1980 քմ այդ տարածքի մոտավորապես 40 տոկոսը կանաչապատ է, այդտեղ անգամ ոզնիներ ու աղվեսներ են ապրում, իսկ բարձրահարկի կառուցմամբ էկոհամակարգը կտուժի, կխախտվի նաև տասնամյակների պատմություն ունեցող համայնքի կենսամիջավայրը:

Վիգեն Շիրվանյանը բնակվում է այդ թաղամասում, ցույց տալով խնդրո առարկա դարձած տարածքն՝ ասում է՝ դուռ չի մնացել, որ չթակեն, բայց ոչ բավարար պատասխաններ ստանալուց հետո ստիպված են իրենք արխիվներ փորփրել, որ ապացուցեն իրենց կասկածները:

«Կա կադաստրային փաստաթուղթ, մենք դրանով ենք առաջնորդվում՝ հստակ երևում է, որ կա ապօրինություն: Այսինքն՝ էստեղ կա նկուղ նշած, էդ նկուղի հիմքով սեփականաշնորհել են մոտ 2 հազար քմ, և էստեղ չկա նկուղ և չի եղել: Քաղաքային իշխանությունը՝ իր հանրային շահի պաշտպանության, բնակիչների իրավունքների պաշտպանության, համայնքային հողերը հետ բերելու իմաստով, կամ, չգիտեմ, իրենց խոսքի տերը լինելու իմաստով, առկա՞ են ընդհանրապես, ներկա՞ են, թե՞ ոչ», - «Ազատության» հետ զրույցում նշեց թաղամասի բնակիչը:

Շիրվանյանն ասում է՝ Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իրենց խոստացել է, որ այդ շենքը չի կառուցվելու, իսկ քաղաքապետի հետ չեն կարողանում հանդիպել։ Բնակիչները հաղորդում են ներկայացրել Դատախազություն, առաջիկայում էլ Մարդու իրավունքների պաշտպանին ու Պետական վերահսկողական ծառայություն կդիմեն։

Բնակիչներից՝ մասնագիտությամբ ճարտարապետ Աշոտ Խաչատուրյանն ասում է՝ եթե քաղաքային իշխանությունն անդրդվելի է և որոշել է, որ այդ շենքը պետք է կառուցվի, ապա գոնե որպես քննարկման հիմք իրենց առաջարկը լսեն:

«Եթե կառուցապատվի, անպայման պետք է լինի է՛ս մասի կառուցապատման շարունակություն, ոչ թե էն սխալ կառուցապատվածի շարունակություն, հասկանո՞ւմ եք: Ես՝ որպես պրոֆեսիոնալ ճարտարապետ, այ դա եմ հորդորում ուղղակի, որ արվի դա ավելի ճիշտ քաղաքաշինական սկզնունքներով», - ընդգծեց Խաչատուրյանը:

«Ռատկո» ընկերության փոխտնօրեն և համասեփականատեր Արթուր Մնացականյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ բնակիչներին հարգում է, բայց օրինական բոլոր գործընթացները որպես կառուցապատող անցել են, քաղաքապետարանից պահանջել են, որ տարածքում պետք է գերակշռի կանաչապատումը՝ համաձայնել են, 100 հազար դոլարի այգի են կառուցելու, տարածքը բարեկարգելու են, լուսավորելու են։ Բարձրահարկի փոխարեն 4-5 հարկանի շենք կառուցելու բնակիչների առաջարկն, ասաց, իրենց համար շահավետ չէ։ Ըստ կառուցապատողի՝ պետությունն էլ է տուժել, որովհետև շուրջ երկու տարի կառուցապատման ձգձգման պատճառով մոտ 1 միլիոն դոլար հարկ պետբյուջե չեն մուծել։ «Ազատության» դիտարկմանը, թե լուրեր կան, որ իրենց ընկերությունը կապ ունի օֆշորային հաշիվներում գրանցված մեկ այլ ընկերության հետ, արձագանքեց՝ նախ՝ այդպես չէ, հետո ընդգծեց՝ իրենք բարեխիղճ գնորդ են և պատասխանատվություն չեն կրում, թե իրենցից առաջ ինչ է եղել։

«2008 թվականին եղել է գոտևորում, և այդ նույն տարածքի վրա Ալիխանյան 6/1 հատվածը նշված է որպես 46 մետր շինություն կառուցելու թույլտվություն կա այնտեղ: Եվ հիմք ընդունելով այդ գոտևորումը՝ մենք իրավունք ունենք այնտեղ կառուցելու այդ բարձրությամբ շինություն», - նշեց Մնացականյանը՝ շարունակելով. – «Ես կարծում եմ, որ բնակիչներին ուղղորդում են նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձինք, որոնք ապրում են հարևանությամբ և ուզում են ստվեր գցել մեր լեգիտիմ քաղաքապետարանի գործողությունների վրա: Ես դեռ անուններ չեմ տալիս, բայց իրավական հարթության մեջ էդ հարցը կբարձրաձայնվի հետագայում»:

Բնակիչներից Վիգեն Շիրվանյանը պատմեց՝ տպավորություն է, որ դիտավորյալ են թողնում տարածքում այդ այգին չորանա, որպեսզի հետո այն օտարեն: Ասաց՝ իրենք փորձել են ծառեր տնկել, բայց արգելել են՝ պնդելով, որ դա արդեն մասնավոր տարածք է: Տեղում հավաքված մյուս բնակիչներն ասացին՝ ոռոգման ջրի հնարավորություն անգամ չկա, որպեսզի այգին խնամեն:

Կառուցապատողի հետ «Ազատություն» եկած բնակիչներից Սերգեյ Վարդանյանն ասում է՝ այդ թաղամասում է ծնվել ու մեծացել, հիմա էլ ուզում է եկամտահարկի վերադարձից օգտվելով նորակառույց շենքում բնակարան գնել, որը կունենա նաև զարգացած ինֆրաստրուկտուրա։ Հարևանների բարձրացրած խնդիրներին ծանոթ է, բայց նրանց հետ համամիտ չէ:

«Ինչ-որ չափով քարե շենքերը, որտեղ որ ես բնակվում եմ, իրենց ժամկետն ունեն և բավականին հին են, որի արդյունքում ուզում եմ, որպեսզի ավելի նոր բնակարանում ապրեմ, ավելի լավ պայմաններում և, իհարկե, օգտվեմ այդ բոլոր առավելություններից՝ չլքելով իմ սիրելի թաղամասը», - նշեց Վարդանյանը:

Կառուցապատողը կասկածներ ունի, որ բնակիչներին ուղղորդում են, բնակիչներն էլ կասկածներ ունեն, որ ամբողջ այդ գործընթացը թափանցիկ չի արվում, և որ կոռուպցիոն մեխանիզմներ են գործում, որոնցից անմասն չի նաև քաղաքային իշխանությունը։

Իսկ ահա քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Ազատությանն» ասաց՝ շենքի կառուցման թույլտվությունը կոլեգիալ որոշում է, որևէ ծրագիր մերժելու համար քաղաքապետը պետք է բավարար հիմքեր ունենա, իսկ կոռուպցիոն ռիսկերի կասկածների առնչությամբ ընդգծեց՝ բնակիչները կարող են հստակ փաստերով իրավապահներին դիմել։

«Երկու անգամ քաղաքաշինական խորհուրդը [տվել է] դրական եզրակացություն, մեկ անգամ ընթացել է հանրային լսում, գրեթե միաձայն կողմ քվեարկությամբ նախագծերը հաստատվել են: Մարությանի պաշտոնավարման օրոք որևէ դեպք չունենք, որ քաղաքաշինական խորհրդի որոշմանը հակառակ որոշում կայացնի գործադիր իշխանությունը», - ընդգծեց քաղաքապետի խոսնակը:

Քաղաքապետարանում կազմակերպված լսումներին, ըստ բնակիչների, հիմնականում եղել են կառուցապատողի կողմից հրավիրված անձինք: Կառուցապատողը չհերքեց, ասաց՝ այո, շենքում բնակարան գնել ցանկացողներն էլ են եղել:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը նախ դեմ է քվեարկել նախագծին, հետո՝ կողմ: Ասաց՝ առհասարակ Երևանում պետք է պահպանվող հատուկ քաղաքաշինական գոտիներ ձևավորվեն, որտեղ օրենքով կարգելվի կառուցապատումը, լավագույն դեպքում՝ մինչև 4 հարկանի: Ըստ ավագանու անդամի՝ 30 տարի այդ խնդիրը չի լուծվել, հիմա էլ չի լուծվում:

«Կառավարության մակարդակով պետք է լինի տեսլական քաղաքաշինական բոլոր գործընթացների, առաջին հերթին՝ Քաղաքաշինության կոմիտեն: Երբ քաղաքապետարանը հաստատում է ծրագիր, օրինակ՝ գոտիավորման նախագիծ, որը շատ թերի փաստաթուղթ է, երբ որ ասում ենք՝ «բայց ինչի՞ եք սենց առաջադրանք բերել», ասում են՝ «որովհետև պետական չափորոշիչներ կան գրված՝ ոնց է էդ թուղթը գրվում, և դա իջնում է Քաղաքաշինության կոմիտեից»: Այսինքն՝ փակ շրջան է, քաղաքապետարանը ուզենա էլ չի կարող ոչ մի բան անել, որովհետև փաստաթղթեր կան, որոնք խոչընդոտում են: Վերևներում անհասկանալի է ինչով են զբաղված», - «Ազատության»հետ զրույցում ընդգծեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը:

Թաղամասի բնակիչները պահանջում են, որ քաղաքապետարանը դադարեցնի նախագծի շուրջ քննարկումները կառուցապատողի հետ ու իրենց նույնպես լսի, պահանջում են նախաձեռնել քաղաքաշինական նորմերի վերանայման գործընթաց: Պահանջները, ասացին, շատ են, դրանք կներկայացնեն քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման ընթացքում, եթե նա կրկին չմերժի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG