Մատչելիության հղումներ

Ուժայիններին Լուկաշենկոյի տված հրահանգից հետո էլ բողոքի ցույցերը Բելառուսում չեն մարում


Բելառուս - Օգոստոսի 16-ի բողոքի ցույցը Մինսկում
Բելառուս - Օգոստոսի 16-ի բողոքի ցույցը Մինսկում

Հակակառավարական ցույցերին վերջ դնելու մասին ուժայիններին տված Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարականից հետո էլ Բելառուսում բողոքի ակցիաները չեն մարում:

Ապակենտրոնացված հավաքները, խոշոր գործարանների մասնակցությամբ գործադուլները ինչպես Մինսկում, այնպես էլ երկրի այլ քաղաքներում արդեն 12-րդ օրն է շարունակվում են: Ակցիաների մասնակիցների հիմնական պահանջը 26 տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականն է, ով օգոստոսի 9-ի ընտրությունների պաշտոնական արդյունքներով ևս մեկ ժամկետ՝ հինգ տարի պաշտոնավարելու հնարավորություն է ստացել:

Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահում է Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստը, Մինսկ, 19-ը օգոստոսի, 2020թ.
Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահում է Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստը, Մինսկ, 19-ը օգոստոսի, 2020թ.

«Մինսկում այլևս որևէ անկարգություններ չպետք է լինեն։ Մարդիկ հոգնել են, մարդիկ պահանջում են խաղաղություն և լռություն», - երեկ իրավապահ մարմիններին հանձնարարում էր Լուկաշենկոն՝ ճիշտ նույն րոպեներին, երբ Եվրամիությունը հայտարարում էր, թե չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի վարչակազմի դեմ:

Լուկաշենկոյի այդ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց Մինսկի փողոցները կրկին լեփ-լեցուն էին:

Օգոստոսի 19-ի բողոքի ցույցը Մինսկում
Օգոստոսի 19-ի բողոքի ցույցը Մինսկում

«Մենք բոլորս այստեղ ենք մեկ նպատակով՝ մենք ազատություն ենք ուզում, ուզում ենք գործող ղեկավարությունը հրաժարական տա, մենք համաձայն չենք ընտրությունների արդյունքներին։ Մենք այստեղ ենք մեր դիրքորոշումը հայտնելու համար և կշարունակենք այնքան, որքան հնարավոր կլինի, կշարունակենք այնքան, մինչև իշխանությունները նահանջեն», - նախօրեին ասել է Մինսկի ցույցի մասնակիցներից մեկը, ով ներկայացել է որպես Միխայիլ:

«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ ինչ կլինի հետո։ Որպես կին, իհարկե, ես վախենում եմ,բայց երևի ներքուստ կա մի բան, որը ստիպում է ամեն դեպքում փողոց դուրս գալ՝ չնայած վախին, որովհետև սա ապագայի մասին է։ Եթե ապագայում էլ մեր երկրում նման սարափելի բաներ կատարվեն, ապա դա ավելի վախենալու է», - ասել է Յուլիա անունով մեկ այլ ցուցարար:

Չնայած ցույցերը բռնի ուժով կրկին ցրելու վտանգին՝ առաջիկա կիրակի օրը Բելառուսի ընդդիմությունը մտադիր է երկրով մեկ նոր, ավելի մարդաշատ հավաք անցկացնել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող քաղաքացիների մասնակցությամբ: Այդ հանրահավաքին, ինչպես նշում են ընդդիմության ներկայացուցիչները, նրանք պատրաստվում են հանդես գալ «կարևոր ծրագրային հայտարարությամբ»:

Օգոստոսի 16-ի բողոքի ցույցին, որը մասնակիցների թվով ամենամեծն էր երկրի նորագույն պատմության ընթացքում, ընդդիմադիրները ներկայացրել էին իրենց երեք գլխավոր պահանջները՝ բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարական և քրեական պատասխանատվության ենթարկել ուժային կառույցների բոլոր աշխատակիցներին, որոնք մասնակցել են ցուցարարների սպանություններին և խոշտանգումներին: Երեք պահանջներից մասամբ իրականացվել է մեկը՝ ազատ են արձակվել մի խումբ քաղբանտարկյալներ՝ հիմնականում վերջին օրերի ընթացքում բերման ենթարկված ակտիվիստները։ Բելառուսի անփոփոխ առաջնորդի հիմնական ընդդիմախոսները շարունակում են մնալ ճաղերի ետևում։ Ընդ որում, ինչպես պատմել են ազատ արձակված ակտիվիստները, հազարավոր բերման ենթարկվածներ պահվել են անմարդկային պայմաններում՝ ենթարկվելով հոգեբանական և ֆիզիկական խոշտանգումների: Շատերը բանտերից տուն են վերադարձել վնասվածքներով և կոտրվածքներով:

Ընտրությունների արդյունքները չընդունող բելառուսական ընդդիմությունը նախօրեին Լուկաշենկոյի վարչակազմին կոչ է արել օր առաջ երկխոսություն սկսել, ինչը չանելու դեպքում երկրում քաղաքական և տնտեսական ճգնաժամի խորացման ողջ պատասխանատվությունը կկրի իշխանությունը, հայտարարել է նախօրեին ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ ձևավորված համակարգող խորհուրդը, որը նպատակ ունի Լուկաշենկոյի հետ բանակցել իշխանության խաղաղ փոխանցման շուրջ:

Ընդդիմության պարզած ձեռքը Լուկաշենկոն ոչ միայն չի ընդունում, այլև պատրաստվում է ավելի կոշտ միջոցների դիմել։ Բելառուսի իրավապահները քրեական գործ են հարուցել համակարգող խորհրդի դեմ, որին, ի դեպ, բացի քաղաքական գործիչներից, քաղաքացիական ակտիվիստներից, անդամակցում է նաև գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը:

«Համակարգող խորհրդի ստեղծումն ու գործունեությունն ուղղված է պետական իշխանության զավթմանը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս պատճառելուն։ Այդ փաստերով հարուցել է քրեական գործ», - այսօր լրագրողներին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը։

Մինչ այդ, խորհրդի անդամ հանդիսացող՝ Բելառուսի մշակույթի նախկին նախարար, վերջերս երկրի պետական թատրոնի ղեկավարի պաշտոնից ազատված Պավել Լատուշկոն հայտարարել է, որ իշխանական ճամբարից իր հասցեին սպառնալիքներ է ստանում։

«Տարբեր խողովակներից ինձ հայտնում են անհապաղ երկիրը լքելու անհրաժեշտության մասին, այլապես ինձ կձերբակալեն, նույնիսկ կոշտ եղանակով, ինչի որոշումը իշխանությունն իբր արդեն կայացրել է», - մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Լատուշկոն:

XS
SM
MD
LG