Մատչելիության հղումներ

Բայդեն․ «Էրդողանին հարկավոր է պարտության մատնել ոչ թե հեղաշրջման, այլ ընտրությունների միջոցով»


Թուրքական իշխանությունները և ընդդիմությունը միահամուռ կերպով քննադատում են ԱՄՆ նախկին փոխնախագահ, նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենի՝ Թուրքիային վերաբերող հայտարարությունները։ Դրանցում Բայդենը խստորեն քննադատում է նախագահ Էրդողանին` պնդելով, որ Վաշինգտոնը պետք է աջակցի թուրքական ընդդիմությանը։

Ուշագրավ է, ի դեպ, որ Բայդենի այս հայտարարությունները հնչել են ավելի քան ութ ամիս առաջ՝ 2019-ի դեկտեմբերին New York Times-ի խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ։ Ինչ-ինչ պատճառներով, սակայն, Բայդենի՝ Թուրքիային վերաբերող հայտարարությունները համացանցում սկսեցին շրջանառվել հանգստյան օրերին։

«Մենք այժմ պետք է Էրդողանի նկատմամբ միանգամայն այլ մոտեցում որդեգրենք։ Հարկավոր է հստակեցնել, որ ընդդիմության առաջնորդները վայելում են մեր աջակցությունը», - հայտարարում էր Բայդենը` նշելով, որ ժամանակին այս քաղաքականությունն իրեն արդարացրել է, երբ նախորդ ամերիկյան վարչակազմին հաջողվել էր նպաստել քրդերի ինտեգրմանը Թուրքիայի քաղաքական համակարգին։

Բայդենի պնդմամբ` Վաշինգտոնի վերջնական նպատակը պետք է լինի Ռեջեպ Թայիփ Էրդողանի պարտությունը ընտրություններում։ «Նա պետք է հստակ գին վճարի։ Մենք պետք է ուղղակի շփումների մեջ մտնենք թուրքական վերնախավի որոշ շրջանակների հետ։ Դա այն էր, ինչ ես անում էի նախկինում։ Մենք պետք է քաջալերենք այդ մարդկանց, որպեսզի նրանք Էրդողանին պարտության մատնեն։ Եվ դա պետք է տեղի ունենա ոչ թե հեղաշրջման, այլ ընտրական գործընթացների միջոցով», - հայտարարում էր Բայդենը։

Դեմոկրատ գործչի խոսքով` պաշտոնական Անկարայի վերջին տարիների գործողությունները, մասնավորաբար Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական խորացող համագործակցությունը, ինչպես նաև Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմական օդանավակայանների ճակատագիրն իրեն լրջորեն մտահոգում են։

Թուրքական կողմի պատասխանը Բայդենի այս հայտարարություններին չուշացավ։ Նախագահ էրդողանի մամուլի ծառայության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը այսօր Twitter-ի իր օգտահաշվում գրել է. «ԱՄՆ նախագահի թեկնածուի այս հայտարարությունները Թուրքիայի ներքին գործերին միջամտելուն ուղղված քայլերի հստակ արտացոլումն են։ Դրանք հակասում են Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև առկա դիվանագիտական հարաբերությունների մակարդակին»:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարություններին անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ Դոմինիկյան Հանրապետությունում կայացած բանակցությունների ավարտին։ «Սա անգրագետ մի հայտարարություն է, որն իր բնույթով հատում է թույլատրելիի բոլոր սահմանները։ Այս հայտարարությունը վկայում է թուրք ժողովրդի վատ իմացության մասին։ Բնական է, որ մեր երկրում կարող են նաև վեճեր և անհամաձայնություններ լինել, սակայն Թուրքիայում ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ են կազմակերպվում։ Մեր ժողովուրդն է որոշում, թե ով է նախագահ ընտրվելու, և ով է ղեկավարելու կառավարությունը», - հայտարարում էր Չավուշօղլուն։

Բայդենի հայտարարություններն, ի դեպ, այն եզակի դեպքն էին, երբ թուրքական իշխանություններն ու ընդդիմությունը միակարծիք էին` պնդելով, որ անգամ աշխարհի ամենահզոր պետությունն իրավունք չունի միջամտել Թուրքիայի ներքին գործերին։

«Մենք մերժում ենք կայսերական գերիշխանության ստվերն անգամ», - հայտարարում էր Թուրքիայի առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդա-Հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG