Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից մինչև մինչև Covid-19-ի դեմ տարվող պայքար, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց դատավարություններից մինչև Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշում. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով՝ BBC Hardtalk-ում պատասխանել է հաղորդման վարող Սթիվըն Սաքուրի կոշտ հարցերին։
Ավելի քան 20 րոպե ընթացող հարցազրույցի կեսից ավելին Սաքուրը բավական կոշտ հարցադրումներ էր անում հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայի շուրջ։
«Դառնալով վարչապետ առաջարկեցի խաղաղության նոր բանաձև, ցավոք, Ադրբեջանի առաջնորդը չարձագանքեց»
«Խաղաղությունը չի կարող ձեռք բերվել Հայաստանի միակողմանի գործողություններով», - հենց ամենասկզբից հայտարարեց Փաշինյանը՝ մեղադրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ռազմատենչ հռետորաբանության և հակամարտությունը ուժով լուծելու փորձերի մեջ:
Հաղորդավարը հիշեցրեց, որ իշխանության գալով՝ Փաշինյանը նաև պետք է խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհ գտներ՝ փաստացի մեղադրելով Հայաստանի վարչապետին այդ հարցում ձախողելու մեջ։ «Դառնալով Հայաստանի վարչապետ ես առաջարկեցի խաղաղության նոր բանաձև։ Այն հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եվ ես առաջին ՀՀ առաջնորդն եմ, որ ասում է՝ խնդիրը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց, ցավոք, Ադրբեջանի առաջնորդը չարձագանքեց իմ այս խոսքին», - պատասխանեց Հայաստանի վարչապետը:
Սաքուրը ընդհատեց Փաշինյանին՝ հիշեցնելով վերջին հուլիսյան իրադարձությունները, հրադադարի հերթական խախտումն այս անգամ հայ-ադրբեջանական սահմանին էր, այլ ոչ թե Ղարաբաղում: Ընդգծեց՝ Ադրբեջանը խաղաղ բնակիչ կորցրեց։ «Ձեր քաղաքականությունը չի ենթադրում՝ խաղաղության ձգտելու ցանկություն», - ասաց Սաքուրը:
«Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Հայաստանի նկատմամբ, ըստ որում` դա առանձին գործողություն չէր։ Ադրբեջանի նախագահը շարունակաբար դիմում էր ռազմատենչ հռետորաբանության` ասելով, որ նա պատրաստվում է Ղարաբաղի հարցը լուծել ուժի միջոցով։ Ադրբեջանի կառավարության առջև ծառացած է մի կարևորագույն մարտահրավեր, այն է` բացատրել սեփական հանրությանը, թե ինչու իրենք չկարողացան ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժի միջոցով», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանը ԼՂ-ի մեկուսացման և շրջափակման քաղաքականություն է վարում, ի դեպ, նաև Հայաստանի նկատմամբ. Փաշինյան
Հաղորդավարի դիտարկմանը, որ ամեն էսկալացիայից հետո միջազգային հանրությունը իրադարձությունների երկու տարբերակ է լսում, Փաշինյանի արձագանքը հետևյալն էր՝ այդ պատճառով Հայաստանն առաջարկում է հրադադարի ռեժիմի խախտումների միջազգային հետաքննական մեխանիզմ ներդնել՝ պատասխանատուին պարզելու համար։
Հաղորդավարը սադրանք որակեց Փաշինյանի՝ անցած տարի Արցախում արված «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունի, ինչին ի պատասխան Փաշինյանը բացատրեց, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղը բնակեցված է եղել բնիկ հայ ազգաբնակչությամբ։ Հաղորդավարը հիշեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթերից մեկը, որում, ըստ Սաքուրի, պահանջում են հայկական ուժերին դուրս գալ գրավյալ տարածքներից։ Փաշինյանն էլ իր հերթին բրիտանացի հաղորդավարին հիշեցրեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթում չի նշվում Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Այնտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժեր։ Ավելին՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ մեկ ընդհանուր անվտանգության տարածքում է։
«Նախքան հակամարտության սկիզբը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության 80-90 տոկոսը հայեր էին։ Եվ փորձելով երկրամասը մաքրել հայերից` Ադրբեջանը սկիզբ դրեց հակամարտությանը», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Դիտարկմանը, թե Հայաստանի կեցվածքն ազգայնական է, Փաշինյանը հակադարձեց՝ Լեռնային Ղարաբաղում հայերը կանգնած են բնաջնջման սպառնալիքի առջև: Ընդգծեց՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մեկուսացման և շրջափակման քաղաքականություն է վարում, և, ի դեպ, նաև Հայաստանի նկատմամբ. «Խաղաղությունը ենթադրում է փոխզիջում: Եվ Հայաստանը միշտ պատրաստ էր և պատրաստ է փոխզիջման»:
Կոշտ զրույցի ժամանակ չշրջանցվեց 1992 թվականին Խոջալուի դեպքերը, երբ Սաքուրը ներողություն էր փորձում կորզել Փաշինյանից, ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը հիշեցրեց ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում վայրագությունների զոհ դարձած հայերի մասին։ «Պետք է պարզել, թե ով է իրականում նախաձեռնել և իրագործել վայրագություններ: Լեռնային Ղարաբաղի հայերը, ինչպես նաև ադրբեջանցիները զոհ դարձան այս ամենին, և մենք դա կարող ենք ապացուցել ցանկացած վայրում, ցանկացած պահի», - ասաց Փաշինյանը:
«Համաճարակային իրավիճակն ընդհատել է մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք այն»
Զրույցի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումների և ձախողումների թեման։ Հաղորդավարն ընդգծեց, որ Հայաստանում առկա է դժգոհություն դատական համակարգի անկողմնակալության վերաբերյալ։ Չմոռացվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրայանի դատական գործը։ Փաշինյանի պատասխանը կարճ էր՝ այժմ քայլեր են կատարվում Հայաստանի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ: «Ես չէ, որ պետք է որոշեմ՝ ով կալանավորվի, ով ազատ արձակվի։ Մեր նպատակն է ապահովել օրենքի գերակայությունը, ստեղծել անկախ դատական համակարգ և վարել հստակ հակակոռուպցիոն քաղաքականություն։ Եվ միջազգային հանրությունը ճանաչել է մեր հսկայական հաջողությունը այս բոլոր ոլորտներում», - ընդգծեց նա:
«Մարդիկ կարծես թե ավելի սպասելիքներ ունեին հեղափոխությունից», - հարցազրույցավարի անընդմեջ տրվող այս հարցին Փաշինյանը պարբերաբար նշում էր՝ թե՛ ժողովրդավարական, թե՛ տնտեսական առումով վերջին երկու տարում Հայաստանը որպես օրինակ է բերվել միջազգային հեղինակավոր հանդեսներում։ «Համաճարակային իրավիճակն ընդհատել է մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք այն»,- նշեց վարչապետը:
Կոշտ հարցերից մեկն էլ կորոնավիրուսի դեմ պայքարն էր, որը ըստ Սաքուրի, տարածաշրջանի այլ երկների ցուցանիշների հետ համեմատվելով Հայաստանի կառավարությունը ձախողել է։
«Դեռ շուտ է եզրակացություն անել, քանի դեռ աշխարհը չի ավարտել պայքարը համաճարակի դեմ», - պատասխանեց Փաշինյանը։
Չմոռացվեց ԼՂ նորընտիր նախագահի երդմնակալության պատվին կազմակերպված խնջույքի հայտնի լուսանկարը, որտեղ Փաշինյանն ու այլ բարձրաստիճան մարդիկ առանց դիմակներ էին։ «Ինչպե՞ս եք դիմակ պարտադրում մարդկանց, երբ դուք այն չեք կրում»,- հարց հնչեց վարչապետին:
«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող կանոնների համաձայն»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած միջազգային պարտավորություններին»
Զրույցի վերջում կարճ անդրադարձ՝ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը։ Հարցին Երևանը կմնա՞ Ռուսաստանի դաշնակիցը, թե՞ պատրաստ է շարժվել դեպի Եվրոպական միություն և ՆԱՏՕ, Փաշինյանը սկսեց Ռուսաստանից՝ ընդգծելով՝ Հայաստանի ռազմավարական գործընկերն է անվտանգության առումով։ Հետո հավելեց՝ Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է բարեփոխումների օրակարգի իրականացման ճանապարհին։
«Կամ-կամ» - հարցազրույցավարի ավելի կոնկրետ հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց՝ «Ռազմավարական գործընկերությունը նշանակում է երկարաժամկետ համագործակցություն, սակայն Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, նույնքան լավ հարաբերություններ՝ Միացյալ Նահանգների հետ»։
«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած միջազգային պարտավորություններին», - վարչապետի վերջին խոսքն էր BBC Hardtalk-ում։