Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս երկու ծրագիր


Կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս երկու ծրագիր: Այս անգամ դրանք ուղղված են զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտներին:

Ըստ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, զբոսաշրջության ոլորտում տնտեսվարողների եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան երկու անգամ պակասել են: Ընդ որում, դիտակետում ոչ միայն հյուրանոցներն ու տուրօպերատորներն են, այլև հանրային սննդի ոլորտը:

Նախարարը շարունակեց. – «Այս աջակցության նպատակը նշված ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակազմի և աշխատատեղերի պահպանումն է և այդ աշխատատեղերի ավելացման խթանումը: Աջակցության շահառուների շրջանակը հետևյալն է. կացության կազմակերպում (ներառում է նաև առողջարանները), հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ և զբոսաշրջային այլ ծառայություններ: Աջակցության եղանակը յուրաքանչյուր երրորդ կամ չորրորդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորումն է այս միջոցառման շրջանակներում»:

Վարչապետն ու կառավարության անդամներն այսօրվա նիստին երկար քննարկեցին, թե ինչպես վարվել այն տնտեսվարողների հետ, որոնք կխախտեն հակահամաճարակային կանոնները կամ կխուսափեն ՀԴՄ կտրոն տրամադրելուց:

Նիկոլ Փաշինյանը պատմեց դրվագների իր և գործարար շրջանակների մարդկանց հետ հանդիպումներից. – «Եվ ես էս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին, ասում էի` հիշո՞ւմ եք էրկու տարի... Հիմա էկել եք ասում եք` բյուջեից էս տվեք, էս տվեք, էս տվեք, էս տվեք, բայց որ խոսքը գնում ա բյուջեին ինչքան վճարումներ, ինչքանով եք պարտաճանաչ վճարում, էն ժամանակ դրա մասին խոսք չի գնում: Եվ դրա համար էլ գործարար շրջանակները իմ հանդիպումներից դուրս են գալիս, ասում են` դե բան չէր, մի քիչ դժգոհ ենք: Լավ ա, որ դժգոհ եք: Որովհետև պետք ա մեր վարքագծի մասին մտածենք, չէ՞: Որովհետև ի՞նչ ա նշանակում ՀԴՄ չխփել... Էն ժամանակ ասում էին` կառավարությունը կոռումպացված ա, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում: Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի կառավարությունը կոռումպացված ա»:

Կառավարության նիստում քննարկումներից հետո ի վերջո որոշեցին, որ աջակցությունից կարող են զրկվել այն տնտեսվարողները, որոնք չեն տրամադրի ՀԴՄ:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հաջորդ ծրագիրն ուղղված է գինի և կոնյակ արտադրողներին: Նրանց կտրամադրվեն արտոնյալ վարկեր, ինչպես նաև նոր արտոնություններ կունենան արտադրությունում օգտագործվող տարաների և այլ սարքավորումների լիզինգի գործընթացում:

Այս ծրագրերն ի վերջո ուղղված են խաղողագործներին, ասաց Փաշինյանը. – «Աջակցման միջոցառումման վերջնական շահառուն մեր խաղողագործներն են, գյուղացիներն են: Այսպիսով աջակցելով ընկերություններին` մենք պայմաններ ենք ապահովում և նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի այս տարի լիարժեք խաղողի մթերում տեղի ունենա: Իհարկե, տարին ճգնաժամային է այս առումով, և մենք բոլորս պետք է արձանագրենք, որ գուցեթե պրոցեսները էնպես չեն գնում, ինչպես կլիներ մեր լավագույն ցանկություններով: Եվ մենք բոլորս, հույս ունեմ, այս իրավիճակին ըմբռնումով կմոտենանք»:

Տնտեսապես ճգնաժամային 2020 թվականը առատ է լինելու խաղողի առումով. անցյալ տարվանից շատ ավելի մեծ բերք է սպասվում: Կիրացվի՞ արդյոք բերքի մեծ մասը և ի՞նչ գնով կիրացվի: Սրանք այս պահին ամենամեծ հարցերն են:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով, կորոնավիրուսի առաջ բերած տնտեսական ճգնաժամը շատ բարդ իրավիճակում է դրել գյուղացիներին. – «Եթե մենք անցած տարի կամ նախանցած տարի ունեցել ենք 100-110 հազար տոննա և դրա 20-30 հազար տոննան շատ ճգնաժամային էր` տեղ չկար, հիմա այս տարի մենք սպասում ենք 120-140 հազար տոննա, որոնցից 60 կամ 50 հազարը ճգնաժամային է: Ամբողջը կմթերվի, ուղղակի ավելի ցածր գին կլինի, քան անցած տարի»:

Ըստ Հարությունյանի, կառավարության աջակցության ծրագրերը թույլ կտան կոնյակ և գինի արտադրողներին շատ մեծ կորուստներ չունենալ այս տարի վաճառքի ծավալների նվազման պատճառով:

Ավելի խոցելի գյուղացիներն են, որոնք առանց եկամտի մնալու և սպասելի ռեսուրսներ պարզապես չունեն. – «Էստեղ գյուղացիների խնդիրն է շատ ավելի կարևոր: Իրենք շատ ավելի թույլ են, իրենք չունեն այդ պահուստը` ֆինանսական առումով, տեխնոլոգիական առումով` սարքավորումներ չունեն, տարաներ չունեն... ալտերնատիվ չունեն իրենք: Իրենք միշտ կանգնում են կոտրված տաշտակի առջև: Դրա համար կառավարությունը պետք է ավելի շատ էնտեղ ուղղի իր հայացքը, քան դեպի արտադրողները: Որովհետև արտադրողները կարող են դուրս գալ այս իրավիճակից»:

Գինու վաճառքն այս տարի, 2019-ի համեմատ, նվազել է 25-50 տոկոսով: Մինչ խանութներում ու մառաններում գինու շշերը մնում են անտեսված, ավելացել է օղու վաճառքը, նկատում է գինեգործ Ավագ Հարությունյանը. – «Օղին, գիտեք, ճգնաժամի դիմակայության շատ լավ գործիք է` խմում ու մոռանում ես ճգնաժամի մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG