Մատչելիության հղումներ

Չի բացառվում, որ համաճարակը կրկին գլուխ բարձրացնի. Համաճարակաբան


Արտակարգ դրության սահմանափակումների թուլացմանը պետք է հաջորդի հակահամաճարակային կանոնների էլ ավելի խիստ ռեժիմը, ասում է համաճարակաբան Արման Բադալյանը։

Անվտանգության կանոնների պահպանման պահանջն, ըստ նրա, միայն քաղաքացիներին ուղղելը քիչ է, շատ կարևոր է նաև պատկան մարմինների կանխարգելիչ գործողությունների արագությունը։

«Այստեղ միայն ազգաբնակչության զգոնությունը չի, նաև, ինչպես սկզբում ասացի, այդ հակահամաճարակային միջոցառումների արագություն էլ է կարևոր: Որովհետև մեկ է տոկոսը բարձ է, ինչ-որ դեպքեր մենք բաց ենք թողնում հիմա էլ, գումարենք նաև դրան լաբորատոր ոչ հաստատված դեպքերը և այլն, այստեղ արդեն իրավիճակը բավականին բարդանում է, հետևաբար այդ երկու կոմպոնենտները՝ թե՛ ազգաբնակչության էլ ավելի զգոն լինելը, թե՛ հակահամաճարակային միջոցառումների արագ և որակը նույնպես կարևոր են լինելու, որպեսզի մենք փորձենք կառավարել», - ասաց համաճարակաբանը:

Երեկվանից արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով, բայց ավելի մեղմ ռեժիմով։ Հանրահավաքների ու գործադուլների արգելքը վերացել է։ Ընտանեկան, ժամանցային միջոցառումներին կարող է մասնակցել մինչև 40 մարդ։ Սեպտեմբերի կեսից կբացվեն դպրոցները՝ արտակարգ կանոններով։ Գրադարանները և թանգարանները կվերաբացվեն, թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա ռեժիմով։ Դիմակ կրելու պարտադիր պահանջը չնչին փոփոխություններով է վերանայվել։ Կարող են չկրել միայն սեփական մեքենայում ու բնության գրկում։

Վերջին օրերի վիճակագրությունից ու սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով գուցե այս զիջումներն անխուսափելի էին, բայց վարակի բռնկման ռիսկն էլ չի բացառվում, ասում է Արման Բադալյանը։

«Չի բացառվում նման իրավիճակ մեզ մոտ էլ լինի, որ հիվանդությունը նորից էլի գլուխ բարձրացնի, ռիսկայնությունը կա: Կարելի է ասել հակառակ համեմատական կապ կա, ինչքան սահմանափակումային միջոցառումները քչացնում են, էլ ավելի զգոնությունը պետք է բարձրանա, իսկ ինչքան սա թուլանում է, զգոնությունը նույնպես պիտի բարձրանա, բնականաբար, բոլորիս պատասխանատվությունը նույնպես, որպեսզի բոլոր նշված միջոցառումների ժամանակ, որ արդեն շեմը փոխվեց, մենք պատասխանատվություն պետք է կրենք և բոլոր հորդորների շարունակենք հետևել, որպեսզի չնպաստենք վարակի տարածմանը», - նշեց համաճարակաբանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 41 հազարը։ Երեկ թեստավորված 1465 հոգուց վարակված է եղել 229-ը, երեք մարդ մահացել է։ Մահացածների թիվը գերազանցում է 800-ը։

Բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դասախոս Բադալյանն ասում է՝ թեև վարակվածության ցուցանիշը նահանջում է, բայց զգոնությունը չպետք է կորցնել, արդեն թույլատրելի միջոցառումների դեպքում պատկերը կարող է տխուր լինել։

«Սիեթլի գիտնականները Ամերիկայի Միացյալ Նահանգներում հետաքրքիր մի այսպիսի վերլուծության են եկել, որ վարակվածների մոտ 10-20 տոկոսը կարող է նպաստել վարակի փոխանցման 80 տոկոս դեպքերի համար: Այսինքն 10-20 տոկոսը պատասխան է տալիս 80 տոկոս վարակի փոխանցման դեպքերին, և եթե դա համընկավ ինչ-որ մի միջոցառման հետ, կարող է ավելի արագ երևա բռնկման էֆեկտը», - ասաց նա:

XS
SM
MD
LG