Մատչելիության հղումներ

Քոչարյանի և մյուսների գործով նիստին կողմերը միմյանց մեղադրեցին դրանք հետաձգելու համար


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ, արպիվ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ, արպիվ

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Նիստին ներկա չէր սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող նախկին պաշտպանության փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի փաստաբանը։

Միհրան Պողոսյանը նամակ էր հղել դատարանին, որն էլ ընթերցեց դատավոր Աննա Դանիբեկյանը. - «Հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չեմ կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին, խնդրում եմ դատական նիստը հետաձգել»:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը, մինչդեռ, անհարգելի որակեց Խաչատուրովի փաստաբանի գրավոր բացատրությունը՝ շեշտելով՝ մյուս կողմն ամեն ինչ անում է նիստերը ձգձգելու համար. - «Բերված պատճառաբանությունը դիմումի մեջ` հանկարծակի առաջացած խնդիրներ, ոչինչ չեն ասում և ինձ համար գոնե ակնհայտ են դարձնում, որ նախորդ դատական նիստը ձգձգելուն ուղղված նրա վարքագծի շարունակությունն է, Ձեզ ինքնաբացարկ հայտնելու գաղափար առաջ քաշեց, հետո խնդրեց դրա համար դատական նիստը հետաձգել, Դուք չհետաձգեցիք, տվեցիք ընդմիջման հնարավորություն, այսօր բերված պատճառաբանությունը, կրկնում եմ, ոչինչ չի ասում: Բոլորս կարող ենք ցանկացած դատական նիստին դիմում ներկայացնել ու գրել` հանկարծակի խնդիրներ են առաջացել, ոչ մի խնդիր էլ հանկարծակի չի առաջացել, պլանավորված վարքագիծ է»:

Դատախազին քննադատեցին ամբաստանյալների փաստաբանները։ 2008-ի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ ինչպե՞ս կարող է մեղադրողն այսպիսի հայտարարություն անել. - «Այսպես մի քիչ ժողովրդական լեզվով ասած` տնից-տեղից հեռու, բայց ո՞նց կարա մեղադրողը սենց պնդում անի, ինչի Դուք տեղեկություն ունե՞ք, հարգելի դատարան, թե որն է պատճառը: Եթե սույն գործով պաշտպանը ներկայացրել է դիմում, հիմքը նշել է` հանկարծակի պատճառ, դատարանի և դատավարության մասնակիցների կողմից վերջինիս ներկայությամբ հնարավոր է և հարցերը տրամադրվեն, տրվեն, և միգուցե դրա վերաբերյալ տրվեն սպառիչ պատասխաններ: Ես գտնում եմ առնվազն դատավարության էկվիվալենտ մասնակիցների կողմից մեկի վերաբերյալ նման գնահատականներ տալը, այն էլ Ձեր նախագահությամբ, հարգելի դատարան, անընդունելի»:

Մոտ մեկ տարի առաջ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկած դատավարությունը այդպես էլ դատաքննության փուլ չի թևակոխել, 10 մարդու մահվան պատճառ դարձած արյունալի հետընտրական իրադարձությունների հանգամանքները այդպես էլ չեն քննվել։ Ձգձգելու մասին շարունակաբար խոսում է նաև տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Այսօր էլ, երբ դատական նիստը մինչև սեպտեմբեր հետաձգելու մասին հարց քննարկվեց, Սաֆարյանը զայրացավ։

Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար մեղադրվող Արմեն Գևորգյանի փաստաբան Վարդգես Գևորգյանը դադարեցրել է ծառայություններ մատուցել ամբաստանյալին։ Մյուս կողմից էլ, Գևորգյանի մյուս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ մինչև սեպտեմբեր արձակուրդ է գնում։ Սեդա Սաֆարյանը հայտարարեց՝ այս հետաձգումներն աննպատակ չեն։ Նա դատավորին խնդրեց պարզել՝ ինչպես է պատահում, որ Արմեն Գևորգյանը հրաժարվում է մի պաշտպանից, իսկ մյուսին էլ ուղարկում է արձակուրդ. - «Աներևույթ օրենքի մեջ օրենքի տառի հետ համաձայնեցվում է, սակայն իրականում պայմանավորվածության արդյունքում այս նիստերի տեղի չունենալու և մեղադրական եզրակացությունը չհրապարակելու ուղղակի դիտավորությամբ գտնում եմ, որ պաշտպանության կողմը կուլիսների հետևում նախաձեռնում է այս կարգի գործողություններ, որի արդյունքում մենք պարբերաբար ունենալու ենք այսպիսի դեպքեր»:

Պաշտոնաթող նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը, մինչդեռ, հակադարձում է՝ դատական նիստերը հետաձգվում են մյուս կողմի պատճառով. - «Ես տեսնում եմ այն, որ իրականում դատական պրոցեսի այդպես կոչված` ձգձգման հիմնական մեղավորը հենց դատախազությունն է Հատուկ քննչական ծառայությունը մի պարզ պատճառով, որովհետև պատկերացրեք, 80 հատոր գործ են ուղարկել դատարան, 80 հատոր այն պարագայում, երբ արդեն դա 100-ից ավելի հատոր է դարձել այս ժամանակահատվածում: Երկրորդ` դուք տեսել եք դատական նիստերի չկայացման հետ կապված պատկերը, երբ մենք կարծես թե բոլորը հիշում են` մարտ-ապրիլին ինչ իրավիճակում էինք հայտնվել, մենք փաստացի որևէ տեղեկություն դատավորի մասին չունեինք: Հիմա այս պայմաններում ո՞ւմ եքն փորձում այսպես շահարկել, ձգձգել բառը: Հետևաբար ես կարծում եմ` նման բան առհասարակ գոյություն չունի: Եթե խնդիրն այն է, որ պետք է կայծակնային արագությամբ վճիռներ, որոշումներ չլինեն, չկա նման գործ»:

Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել՝ հաջորդը նշանակելով արդեն սեպտեմբերի 8-ին։

XS
SM
MD
LG