Մատչելիության հղումներ

Համավարակի պատկերը հարևան երկրներում


320 հազար վարակակիր, շուրջ 18 հազար մահ. համաճարակի այս ցուցանիշներով Իրանն առաջինն է տարածաշրջանում:

Ըստ երկրի առողջապահության նախարարության, երկրում յոթ րոպեն մեկ կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահանում: Ավելի քան երկու ամիս է`օրական վարակի 2000-2500 դեպք է գրանցվում: Ընդ որում, սրանք պաշտոնական թվեր են, անկախ աղբյուրները պնդում են, թե ճգնաժամն ավելի խորն է:

Հիմնվելով անանուն աղբյուրներից ստացված փաստաթղթերի վրա, մասնավորապես, BBC-ին այս շաբաթ հատուկ հետաքննություն էր հրապարակել, ըստ որի վարակակիրերի ու մահացածների թիվն Իրանում կարող է երկուսից երեք անգամ ավելի բարձր լինել: Նույնն են փաստում նաև տեղից «Ազատության» իրանական ծառայությանն ուղարկված տեսանյութերը:

Թեհրանից մոտ քսան կիլոմետր հեռավորությամն վրա գտնվող Քարաջի բնակիչներից մեկը մատնացույց է անում քաղաքում փորված նոր գերեզմանները: Մյուսը Վարակված ընկերոջն է հիշում:

«Շատ դեպքերում կորոնավիրուսից մահվան դեպքերը գրանցվում են որպես ուղեղի, սրտի կաթված կամ այլ հիվանդության հետևանք: Իշխանությունները իրական վիճակագրությունը չեն բացահայտում»:

«Վերջերս ընկերս ամուսնացավ, հարսանիքի հաջորդն օրն իսկ պարզվեց, որ թե՛ ինքը, թե՛ կինը կորոնավիրուսով են վարակվել: Ընկերոջս հիվանդանոց տարան, բայց կնոջը չընդունեցին, քանի որ անգամ միջանցքներն էին մահճակալներով լի»:

Է'լ ավելի մտահոգիչ է տնտեսության վիճակը, որն առանց այդ էլ կանգնած էր լուրջ խնդիրների առջև ամերիկյան պատժամիջոցների ու նավթի աննախադեպ գնանկման պատճառով: Մի քանի ամիս է ազգային արժույթը`ռիալը, կտրուկ անկում է արձանագրում, գործազրկությունը`ավելանում:

«Ասում են`գնացեք, տանը բուժվեք, բայց ինչպե՞ս... մեր հաճախորդների մեկը ստիպված էր օդափոխության սարք վարձակալել $240 ֊ով` մորն էր պետք: Իսկ հասարակ թոշակառուն որտեղի՞ց տա այդքան գումար», - պատմել է իրանցիներից մեկը:

«Անկարան պահուստներն է մաշում»

Համաճարակի պատճառով զգալի կորուստներ է կրում նաև Թուրքիայի տնտեսությունը, առաջին հերթին` զբոսաշրջության ոլորտը: Միայն անցած տարի երկիր 45 միլիոնից ավելի զբոսաշրջիկ էր այցելել` բյուջեին բերելով շուրջ 34 միլիարդ դոլարի եկամուտ: Այս տարվա առաջին կիսամյակում, մինչդեռ, եկվորների թիվը կրճատվել է 75 տոկոսով:

«Անկարան հիմա պահուստներն է մաշում», - օրերս գրել էր բրիտանկան հեղինակավոր Financial Times-ը` մանրամասնելով, թե Կառավարությունը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ներարկում ներքին շուկա`պահելու ազգային արժույթը: Եվ չնայած այդ հսկայական ջանքերին` լիրան այսօր կրկին ռեկորդային անկում է արձանագրել դոլարի նկատմամբ`է'լ ավելի խորացնելով տնտեսագետների մտահոգությունները:

«Եթե զբոսաշրջության ոլորտն ու տնտեսության մյուս ճյուղերը արագ չվերականգնվեն, կստացվի, որ պահուստային միջոցները զուր են ծախսվել», - փաստում է հեղինակավոր պարբերականը:

Արագ վերականգման նշաններ, սակայն, դեռ չեն երևում: Նախագահ Էրդողանը կառավարության հետ ամեն կերպ փորձում է օտարեկրացիներին համոզել, թե ամբողջովին վերահսկում է համաճարակային իրավիճակը: Մասնագետներից շատերը, սակայն, ճիշտ հակառակն են պնդում: Անկարայի բժշկական պալատի գլխավոր քարտուղար Ալի Կարակոչը օրերս «Ռոյթերզի» հետ զրույցում պնդել էր, որ հիվանդանոցները լիքն են, վերակենդանացման բաժանմունքներում տեղ չկա, և նույնիսկ թոքաբորբով հիվանդներին ստիպված տուն են ուղարկում:

Թուրքիայի կառավարությունը նախօրեին պաշտոնապես հերքեց սեփական երկրում աշխատող մասնագետների այս պնդումները: Նույն օրը, սակայն, Գերմանիայի առողջապահության նախարարը հայտարարեց, որ երկրում վարակի ավելացող դեպքեր են արձանագրվում այն անձանց մոտ, ովքեր վերադառնում Թուրքիայից ու Բալկաններից, ուստի նրանց համար կգործեն նոր սահմանափակումներ. – «Այսուհետ յուրաքանչյուր ոք, ով կմտնի Գերմանիա բարձր ռիսկայնության գոտիներից, պետք է ժամանելիս իր հետ բերի առնվազն երկու օր առաջ իրականացված թեստի պատասխանը կամ երկու շաբաթով մեկուսանա»:

Բեռլինում սահմանված այս կանոնները կարող են նոր հարված հասցնել Թուրքիայի`առանց այդ էլ կաթվածահար զբոսաշրջության ոլորտին, քանի որ անցած տարիներին գերմանացիները երկրորդն էին այդ երկրում հանգստացողների շարքում` ռուսներից հետո:

Ադրբեջանի բյուջեն`աննախադեպ դեֆիցիտի առաջ

Ադրբեջանում կորոնավիրուսի ու էներգակիրների գնանկման պատճառով կառավարոթյունը ստիպված էր վերանայել ու կրճատել պետբյուջեն: Խորհրդարանն այսօր ընդունել է ֆինանսական փաստաթղթի նոր տարբերակը, ըստ որի այս տարի կկրճատվեն գիտության, կրթության ու սոցիալական ոլորտի ծախսերը, բյուջեի դեֆիցիտն էլ վերջին տարիների մեջ առաջին անգամ կկազմի մոտ երկու միլիարդ դոլար:

Երեկ նախագահ Ալիևը այս հարցով խորհդակցություն է անկացրել կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչների հետ` հարկ համարելով մի քանի անգամ ընդգծել. – «Իշխանությունների արձագանքը մինչ օրս եղել է ճիշտ, թիրախային և միայն հանուն ժողովրդի: Կորոնավիրուսի դեմ պայքարում դրական միտում է նկատվում, ինչը թույլ է տալիս փաստել, որ մինչ օրս ձեռնարկված բոլոր քայլերը եղել են արդյունավետ և ճիշտ ժամանակին: Հենց դրանց շնորհիվ էլ իրավիճակը մնում է վերահսկողության տակ»:

Արևմտյան կառույցները, մինչդեռ, այդ թվում`ԱՄՆ Պետդեպարտամենտն ու Եվրախորհրդի խորհդարանական վեհաժողովը, քննադատում են Ալիևի վարչակազմին` համաճարակի դեմ պայքարի պատրվակով ընդդիմադիր տասնյակ գործիչների ու ակտiվիստների ձերբակալելու և ճնշելու համար: Իրավապաշտպանները հիշեցնում են`Ալիևը դեռ մարտին էր հրապարակավ զգուշացրել, թե համաճարակային այս իրավիճակում «թշնամիների ու հինգերորդ շարասյան մեկուսացումը դառնալու է պատմական անհրաժեշտություն»:

Հոգատարություն, թե՞ «ընտրակաշառք». Վրաստանում նոր կրքեր են բորբոքվում

Կորոնավիրուսի դեմ պայքարում ամենալավ արդյունքը, ըստ պաշտոնական տվյալների, առայժ գրանցվել է Վրաստանում. մինչ օրս վարակվել է մոտ 1200 մարդ, մահացել 17֊ը:

Այստեղ էլ, սակայն, երեկ թեժ քննարկումներ են սկսվել, երբ վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, թե կառավարությունը մտադիր է երկարաձգել բնակչությանը տրամադրվող սոցիալական աջակցությունը, այդ թվում` փոխհատուցել էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների վարձը առաջիկա նոյեմբերից մինչև փետրվար: Այդ նպատակով բյուջեից կծախսվի մոտ 130 միլիոն դոլար:

Ընդդիմությունը, մինչդեռ, կառավարության «հոգատարությունը» բոլորովին այլ տեսնակյունից է դիտարկում։ «Սա պարզ ընտրակաշառք է` հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին», - հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG