Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել


Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել ԱՆ նախկին ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից ավելի քան 5 մլն դրամի հափշտակությանն օժանդակելու համար:

Այսպես, ըստ հաղորդագրության` նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 5 միլիոն 712 հազար 550 դրամի հափշտակությանը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Հ.-ն, փաստացի կատարելով արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանի վարորդի պարտականությունները, 2011 թվականի ապրիլի 22-ին աշխատանքի ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել Միհրան Պողոսյանին: Վերջինս, տեղեկացված լինելով Ա. Հ.-ի կողմից փաստացի նախարարի վարորդի պարտականությունները կատարելու մասին, ներկայացված փաստաթղթերի հիման վրա համապատասխան աշխատանքային պայմանագրեր է կնքել նրա հետ՝ 2011-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում նրան աշխատանքի նշանակելով նախ ԴԱՀԿ ապահովող ծառայության անվտանգության աշխատակցի, այնուհետև` նույն կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա` Երևանի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոններում` միաժամանակ նրան գործուղելով հարկադիր կատարման օպերատիվ բաժին:

Ա. Հ.-ն այս ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և առանց համապատասխան պաշտոններից բխող գործառութային պարտականությունները կատարելու պետական բյուջեի՝ ԴԱՀԿ ծառայությանը հատկացված միջոցներից աշխատավարձի և դրամական այլ բավարարման ձևով ստացել է իր անվամբ հաշվարկված և պետական կառույցի բյուջեից ելքագրված ավելի քան 5 միլիոն դրամ գումար և այդ կերպ օժանդակել Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը:

Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG