Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյան. Դա խուլիգանություն էր, իսկ իմ արածի գնահատականը կտան ընտրողները


Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում անդրադառնում է Ամուլսար տանող ճանապարհին տիրող իրավիճակին, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների շուրջ քննադատություններին, իր և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև միջադեպի գործով ավարտված նախաքննությանը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

«Ազատություն». - Իշխանության դիրքորոշումը ո՞րն է: Այնտեղ հանքարդյունաբերողները, բնապահպանները կռիվ են տալիս, բայց քաղաքական վերնախավը լուռ է:

Ալեն Սիմոնյան. - Իշխանության դիրքորոշումը չի փոխվել: Կարող եմ ասել, որ իրավական գործընթացները պետք է շարունակվեն, և իրավական գործընթացը պետք է ավարտին հասնի, իսկ Ալումսարի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել` վնասի կամ որևիցե այլ վտանգի պարագայում միանշանակ նման հարց չի կարող լինել, և դա նույնիսկ քննարկման ենթակա չէ:

«Ազատություն». - Պարո՛ն Սիմոնյան, բայց եթե դիրքորոշում, որևէ բան չի փոխվել, արդյոք «Լիդիանը» կառավարությունից ինչ-որ ազդակ է ստացել, որ որոշել է ապամոնտաժել բնապահպանների տնակները:

Ալեն Սիմոնյան. - Նման ազդակների մասին ես առնվազն տեղեկություն չունեմ ու նույնիսկ չեմ պատկերացնում` ինչի մասին է խոսքը:

«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ իրենց կողքին չեք, շատերը եղել են ձեր աջակիցները, ձեր ընտրողները:

Ալեն Սիմոնյան. - Կարող եմ ասել, որ մշտապես եղել եմ ու կլինեմ նման խնդիրների պարագայում, բայց սա այն դեպքը չի, որը որ համարում եմ, որ հիմա պետք է այնտեղ լինեմ, որովհետև ես վստահում եմ և գիտեմ, որ իշխանությունը որևիցե գործողություն, որը չի բխի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր շահից, Հայաստանի Հանրապետության ընդհանուր շահից, չի անի:

«Ազատություն». - Այլ թեմաների գալով. այսօր հաղորդվեց, որ ավարտվել է Ձեր և Արթուր Դանիելյանի միջև միջադեպի գործով նախաքննությունը, և հայտնի է, որ միայն Դանիելյանին է մեղադրանք առաջադրվել, բայց Դուք այդ միջադեպի օրը երեկոյան ուղիղ միացմամբ ասել եք, ընդունել եք, որ Դուք եք հարվածել, և սա գուցե ենթադրո՞ւմ է, որ Դուք եք հենց բռնությունը հրահրել:

Ալեն Սիմոնյան. - Կարող եմ հիմա էլ կրկնել, ինչ որ այդ երեկոյան ասել եմ: Ես գիտեմ, որ այս պահի դրությամբ մեղսագրվում է խուլիգանություն, և գտնում եմ, որ այդ արարքն, իմ գնահատմամբ, իրոք խուլիգանություն էր, և մնացած քննությունը, թե ով առաջինն է հարվածել, թե որքանով իրավաչափ է եղել հարվածելը, եկեք թողնենք իրավապահներին և դատարանին:

«Ազատություն». - Պարո՛ն Սիմոնյան, իրավապահներին վկայակոչելու մասով Հատուկ քննչական ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, արդյոք այն անկաշկանդ կարող էր քննել մի գործ, որով անցնում էր վարչապետի մերձավոր թիմակիցը, կուսակիցը, Ազգային ժողովի փոխնախագահը:

Ալեն Սիմոնյան. - Ներողություն եմ խնդրում, բայց այդ նույն իրավապահ մարմիններն այսօր բազմաթիվ քրեական գործեր են քննում, որտեղ մեղադրյալ են հանդիսանում հենց վարչապետի, «Իմ քայլի» և «Քաղաքացիական պայմանագրի» կուսակիցները և նախկին պաշտոնյաները: Կարծում եմ` գնահատականը միանշանակ է նաև հանրության մոտ: Դա իմ կարծիքն է, որ տվյալ գործողությունը իրոք, ըստ իս նույնպես, խուլիգանություն է, ինչպես նաև նախկինում տվյալ անձի կողմից հնչեցված սպառնալիքները, նախկինում ծավալած գործունեությունը և այլն, նաև հնչում են կարծիքներ, որ սա ինչ-որ հետապնդման ձև է և այլն, մի քրեական գործով, որտեղ որ ամեն ինչ հայտնի է:

«Ազատություն». - Բայց էլի եթե անգամ դա խուլիգանություն է, և ասենք դատարանում կապացուցվի, Դուք բարձրաստիճան պաշտոնյա է, որը պարտավոր է էթիկայի կանոնները պահպանել, բարեվարքություն դրսևորել հանրային միջավայրում: Եթե Ձեզ հայհոյել էին, դրա համար կա իրավական ճանապարհ` հրապարակային վիրավորանքի համար դիմեիք դատարան, կամ խուլիգանություն է, սպառնալիք է, ինչ է, ոստիկանություն կանչեիք: Ինչո՞ւ եք Դուք դիմել բռնության:

Ալեն Սիմոնյան. - Դրա պատասխանը, կարծում եմ, կա այն գործի մեջ, որը հետագայում կքննվի: Ինչ վերաբերում է բարեվարքությանը, ինչ վերաբերում է քաղաքական գործչին, դրա գնահատականները կտան իմ ընտրողները և հանրությունը քվեարկության միջոցով, իմ նկատմամբ վերաբերմունքի միջոցով, և այդ առումով ես գտնում եմ, որ ես անհանգստանալու որևիցե բան չունեմ:

«Ազատություն». - Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին դառնանք. նախագահի առաջադրած թեկնածու Վաղարշյանին խորհրդարանը մեկ անգամ մերժել է, դատավորների առաջարկած թեկնածու Խունդկարյանը կապվում է նախկինների հետ, հիմա էլ նա Վճռաբեկ դատարանն է ղեկավարում, էլ չասեմ Վահրամ Ավետիսյանի մասին, որը, գիտեք, քննադատության թիրախում է, որ հայրը Մարտի մեկի գործերով որոշումներ է կայացրել, և նա չի կարող անաչառ լինել Սահմանադրական դատարանում: Եվ հիմա խորհրդարանը պիտի որոշում կայացնի, դուք ի՞նչ եք անելու:

Ալեն Սիմոնյան. - Մենք երբևէ կաշկանդված չենք եղել որևիցե թելադրված կամ կողքից բերված կարծիքով, որովհետև այդպես մշտապես կարելի է բոլորի մասին ամեն ինչ ասել, ինչով, ի դեպ, հիմա շատերը փորձում են և զբաղվում են: Կգան Ազգային ժողով թեկնածուները, ելույթ կունենան, և մենք մեր որոշումը քվեարկության միջոցով կկայացնենք:

«Ազատություն». - Իսկ օրինակ` Վահրամ Ավետիսյանի հետ արդեն հանդիպում ունեցել եք: Նա ինչ-ինչ մտահոգություններ փարատե՞լ է, կամ ունեցե՞լ եք նման մտահոգություններ առհասարակ:

Ալեն Սիմոնյան. - Ես Վահրամ Ավետիսյանին ճանաչում եմ շատ ավելի վաղ, մենք նույն ֆակուլտետի շրջանավարտներ ենք, ճիշտ է` շփում չի եղել, բայց գիտեք ի՞նչ, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, և կարծում եմ` իմ շատ գործընկերներ ինձ հետ կհամաձայնեն` երբևիցե ես ինքս չեմ պատրաստվում որևիցե մեկին կապել, որևիցե մեկի մասին կարծիք կազմել իր հոր, եղբոր կամ բարեկամի հետ կապված. ամեն անձ առանձին անձնավորություն է, որն ունի իր տեսակը, իր սկզբունքները և ունի իր գիտելիքները, որի վրա որ մենք պետք է հենվենք որոշում կայացնելիս: Կարծում եմ` անտեղի է քննարկել, թե ով ում որդին է, հայրը և/կամ որդին չի կարող պատասխան տալ և չպետք է պատասխան տա իր հոր նույնիսկ ապացուցված կարծիքի կամ որևիցե գործողության կամ նույնիսկ հանցագործության համար:

«Ազատություն». - Բայց դա կարող է առնչվել նաև իր ապագա գործունեությանը, Սահմանադրական դատարանում Մարտի մեկի գործով դիմում է քննվում:

Ալեն Սիմոնյան. - Այո, կարող է, և դրա համար կլինեն քննարկումներ, կլինեն իմ գործընկերների կարծիքները, և ես չեմ բացառում, որ կարող է այդ թեկնածությունը չհավաքել համապատասխան ձայներ, ինչպես նաև կարող է և ընտրվել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG