Մատչելիության հղումներ

Շիրակի գյուղաբնակ անօթևանները չեն կարողանում օգտագործել բնակարանների գնման վկայագրերը


Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչները, որ երկրաշարժի հետևանքով տասնամյակներ շարունակ անօթևան են մնացել, հիմա էլ բախվել են նոր խնդրի` չեն կարողանում օգտագործել պետության կողմից տրամադրված բնակարանների գնման վկայագրերը։

Փորձելով վերջնականապես լուծել 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած գյուղաբնակների խնդիրը` կառավարությունը երկու տարբերակ էր առաջարկել՝ կա՛մ նրանց համար տներ կառուցել, կա՛մ էլ բնակարանների գնման վկայագիր տրամադրել: Այդուհանդերձ, շատ անօթևան ընտանիքներ, որ նախընտրել էին բնակարանի գնման վկայագիր ստանալ, այժմ մտափոխվել են ու ցանկանում են, որ իրենց համար գյուղում տուն կառուցվի։

Շիրակ գյուղի բնակիչ Լարիսա Մադոյանի ընտանիքը 5 սենյականոց բնակարանի շահառու է: Այդուհանդերձ, նրա պնդմամբ՝ տրված գումարով տուն չի կարող գնել քաղաքում, իսկ գյուղում էլ վաճառքի տուն չկա: Վկայագրի ժամկետն էլ լրացել է. - «Երեկ լրացել է ժամկետս, ամբողջ ընտանիքով չգիտեմ` ինչ վիճակի մեջ ենք, գոնե այդ 32 տարվա ընձեռված հնարավորությունը նորից ըսպես կորցնելու էտ բանով ենք: 5 սենյականոցի շահառու եմ, տրամադրել են 9 միլիոն 672 հազար դրամ, որով 3 սենյակ հազիվ կարողանամ գնել»:

Վերջինս նշում է, որ տան փնտրտուքին խանգարել է նաև համավարակը՝ 3 ամիս տնից դուրս գալ չեն կարողացել. - «Փետրվար ամսին են տրամադրել, մարտից արդեն արտակարգ իրավիճակ է եղել երկրում, չենք կարողացել 3-4 ամիս անց, 5 անչափահաս երեխա ենք ունեցել տունը, վախեցել ենք դուրս ելնենք, հիվանդություն է»:

Խնդրանքը մեկն է՝ կա՛մ երկարաձգեն վկայագրի գործողության ժամկետը, կա՛մ էլ տուն կառուցեն գյուղում. - «Եթե գյուղում շինարարությունը պիտի գնար այդ 3 ընտանիքի համար, մենք խնդրած կեղնեինք, մեր էս բոլոր շահառուներով, մեր հասանելիքը, որիս 2 է հասել, որիս` 3, որին` 4 որին` 5, թող մեր ԲԳՎ-ները հետ վերցնեն, մեր տները կառուցեն, տան մեր հողի վրա մեզ: Գյուղացանցոց ո՞նց ասեմ, տարհանում կնշանակե գյուղերից, գյուղացուն ինչի՞ գյուղից կհանեն»:

Նույն կարծիքին է 2 սենյականոցի շահառու Անահիտ Քոչարյանը: Ասում է` գյուղով է կարողանում ապրել, քաղաք գնա, կովն ի՞նչ անի. - «Երեխա ունիմ, առաջին կարգի հիվանդ երեխա, կով եմ ստացել, էտ կովն էլ չեն թողա, իրավունք չունիս էտ կովը ծախել, ես էտ կովը ի՞նչ էնեմ, ուրդե՞ղ պաեմ: Քաղաք ես էն օրը գնացել եմ, 5 հարկանի շենք էր, տեսել եմ, 5-րդ հարկ, 16 հազար դոլար էր տունը: Ես 6-7 հազար դոլար փող պետք է դնեմ, բանկերիս տոկոսով փող վերցնեմ, թե՞ ուրդից, ես երեխա պահեմ, 2 անչափահաս երեխա ունիմ տունը, թե՞ տոկոսները բանկի մուծեմ»:

Որ գյուղական բնակավայրերում ճիշտ տարբերակը բնակարանաշինական ծրագրի իրականացնումն է, համոզված է Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը. - «Իմ կարծիքով` ի սկզբանե էս ԲԳՎ-ների միջոցով բնակարանների ձեռքբերումը գյուղի համար կարող էր սխալ լինել, որովհետև հիմնականում գյուղում վաճառքի տներ չկար, և գյուղը դատարկվելու խնդիր կա այս դեպքում: 30 ընտանիք, եթե 300 տնտեսություն ունենք, մի մասը արտագնա աշխատանքի է, այսինքն` մնացած 200 ընտանիքից 30-ն էլ որ դուրս գան, գյուղից գնան, լուրջ խնդիր է գյուղի համար: Իմ կարծիքով` հիմնական սխալն էտ է, պետք է անգամ գյուղացուն հնարավորություն չտրվեր, որ ինքն ընտրի, բնակարանի գնման վկայագրով ձեռք բերի բնակարան, օրինակ` Գյումրիում, թե շինարարություն»:

Թեմոյանների ընտանիքը նախընտրել է բնակարանաշինական ծրագիրը: Տան հիմքերն արդեն փորված են, առաջիկայում կսկսվի շինարարությունը: Ի սկզբանե հենց տուն կառուցելու տարբերակն են նախընտրել:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նախագիծ կա ԲԳՎ-ների ժամկետը 2 ամսով երակարաձգելու համար: Իսկ ինչ վերաբերում է շիրակցիների առաջարկին, թե ԲԳՎ-ի փոխարեն տուն կառուցեն, ասաց՝ չի լինի. - «Չի լինի, որովհետև մենք 2 անգամ հարցում ենք կատարել այդ բնակիչների մոտ, և երկու անգամ էլ նշել են, որ բնակելի տուն կամ շինարարություն չեն ցանկանում, ցանկանում են վկայագրեր, ստորագրել են, հաստատել է համայնքի ղեկավարը, կնիքել է, որի հիման վրա մենք դրել ենք կառավարության որոշման նախագիծ, որ տվյալ քաղաքացին ցանկանում է ԲԳՎ, և որոշումը կայացվել է: Հիմա այլևս հնարավոր չէ»:

Եթե տուն չի կառուցվում, իսկ ԲԳՎ-ով էլ բնակարան ձեռք չի բերում, ի՞նչ է սպասվում տվյալ անօթևան ընտանիքին. - «Այս ծրագրի շրջանակներում իրենք կորցնում են իրենց իրավասությունը, որովհետև կառավարության որոշմամբ եթե վկայագրի տրված ժամկետում ձեռք չի բերում բնակարան, վկայագիրը մարվում է, և պետական պարտավորությունը նրանց նկատմամբ համարվում է ավարտված, դադարեցված, սակայն նրանք մնում են հերթացուցակում»:

Մեկուկես տարի առաջ կառավարությունը երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների հաշվառման գործընթաց էր սկսել աղետի գոտում: Սակայն մինչև հիմա դեռևս հրապարակված չէ ոչ անօթևանների քանակը, ոչ էլ նրանց բնակարաններով ապահովելու համար անհրաժեշտ գումարի վերջնական թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG