Մատչելիության հղումներ

Բագրատյանը ԲՀԿ խմբակցությունից հեռացել է «քաղաքական դիրքորոշումների էական տարբերության» պատճառով


Սերգեյ Բագրատյան, արխիվ
Սերգեյ Բագրատյան, արխիվ

Մեկ շաբաթվա լռությունից հետո պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ բացատրել է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու պատճառները՝ ընդգծելով, թե «քաղաքական դիրքորոշումների էական տարբերություն կար»։

«Տևական ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել եմ իմ անհամաձայնությունն ու առարկությունները», - գրել է նա:

Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Սերգեյ Բագրատյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։ Մանդատից Բագրատյանը չի հրաժարվում, շարունակում է իր գործունեությունը որպես անկախ պատգամավոր։ Նրա խոսքով, «քաղաքական միավորներն անցողիկ են, պետությունն է հավերժ»։

ԲՀԿ-ական պատգամավորները ապշած, զարմացած են Բագրատյանի այս գրառումից։ Ի պատասխան` ամոթի ու զարմանքի մասին գրառումներ են արել սոցիալական ցանցերում։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը բարոյականության և տղամարդկության մասին է անգամ ակնարկել. – «Ինչևէ, իսկապես ցավում եմ, որ ընդամենը պատգամավորական մանդատը պահելու համար մարդ կարող է անցնել իր բարոյականության, իր տղամարդկային խոսքի, իր սկզբունքների վրայով: Թեպետ ինչ սկզբունքների մասին է խոսքը, երբ մարդու միակ սրբությունը մանդատն է»:

«Պետության հավերժական լինելու և հայոց պետականության հզորացման անհրաժեշտության մասին խոսում է մի մարդ, ում կողմից պետությանը հասցված միլիոնների վնասի կասկածանքով քրեական գործեր են հարուցված», - իր հայտարարությնա մեջ գրում է Տոնոյանը՝ չբացելով սակայն փակագծերը, թե մասնավորապես խոսքը ինչ քրեական գործի մասին է. - «Ընդ որում այդ վնասը փոխհատուցելու անհրաժեշտության մասին բազմիցս Բագրատյանին հորդորել է հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ այդ գործում առաջարկելով թե՛ իր, և թե՛ մեր ամբողջ թիմի օգնությունը: Երևի հենց այս հակասությունների մասին է խոսում պարոն Բագրատյանը, երբ ինքն ընդդիմանում էր պետությանը հասցված վնասը վերականգնել, իսկ մենք հակառակն էինք պնդում»:

Մամուլում վարկած է շրջանառվում, թե Բագրատյանի խմբակցությունից հեռանալը կապված է նրա մարզպետ եղած ժամանակաշրջանում ինչ-որ քրեական գործի հետ: Դատախազությունը, հղվելով նախաքննության գաղտնիությանը, չի հայտնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել պատգամավորը:

«Ազատության» հետ կարճատև հեռախոսազրույցի ժամանակ Սերգեյ Բագրատյանը ևս զգուշավոր խոսեց՝ ասելով միայն, որ հարցաքննվել է որպես վկա, իսկ մնացածը «սադրանքեր, հերյուրանքներ են»:

Հարցին, թե ինչ քրեական գործի մասին է ակնարկում Իվետա Տոնոյանը, Բագրատյանն արձագանքեց. – «Լրագրողները դիմել են էդ հարցում, քանի որ նման հոդված կար, դիմել են և ստացել են Գլխավոր դատախազությունից պատասխան, որ ոչ մի նման գործ չկա: Մեկ գործով որպես վկա է անցնում. էդպես են պատասխանել և մամուլում էլ տպեցին: Այսինքն` եթե ես որպես մեղադրյալ ներգրավված լինեի, պետք է լիներ չէ՞ որևէ փաստ: Եթե չկա, հետևաբար ճնշում էլ չի կարող լինել»:

Նա հրաժարվեց մասնավորեցնել, թե քաղաքական ինչ տարաձայնությունների մասին է ինքը գրել:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ևս գրառում էր կատարել Ֆեյսբուքում՝ նշելով, որ չի հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյանը համաձայն չի եղել ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ։ Նա կարծում է, որ այսքանից հետո Բագրատյանն առնվազն պետք է վայր դնի մանդատը։

Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խմբակցության ներսում այս հարցը չի քննարկվել։ Զոհրաբյանը հայտարարեց, որ կիսում է իր գործընկերների կարծիքը:

XS
SM
MD
LG