Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում հացահատիկ մշակող ֆերմերները չեն ստանա ակնկալված բերքը


Շիրակի մարզում սկսվել է հացահատիկի բերքահավաքը, ու թեև ազատանցիները լավ բերք էին սպասում, սակայն կարկուտը բավականին մեծ վնասներ է հասցրել:

Մեծ ցանքատարածություններ ունեցող ֆերմեր Գևորգ Աբրահամյանն ասում է, որ իր ակնկալածից մոտ 50 տոկոսով քիչ բերք կամբարի. – «Հացահատիկի ցանքատարածություններ կային, բայց հունիսի 14-ի կարկտահարությունը մեծ վնասներ պատճառեց: Դեռ հիմա չենք հավաքել բերքը, բայց երևի 50-60 տոկոսը վնասված է»:

Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանի խոսքով, այս տարի գյուղից խոպանչիների կեսը՝ 550 հոգի չեն մեկնել արտագնա աշխատանքի: Մնացել են գյուղում, վարկով, պարտքով հող մշակել, բայց այն եկամուտը չեն ունենա, որ արտագնա աշխատանքի մասին մոռանան:

Բերքահավաքից առաջ ցորենի մթերման գինը, ըստ Իկիլիկյանի, միջնորդները նվազեցրել են՝ դարձնելով ինքնարժեքից ցածր: Ըստ գյուղապետի, միջնորդներն առանց հողի հետ կռիվ տալու ավելի շատ եկամուտ են ունենում, քան գյուղացին. – «Միջնորդներն են մթերում, կենտրոնացված մթերում չկա: Մոտավորապես 100-105 դրամ ցորենի արժեքը էսօր առաջին հերթին ծիծաղելի է: Առանց էդ էլ տնտեսապետ շահութաբեր չի հացահատիկը, որովհետև, բոլորս լավ գիտենք, 250-350 հազար դրամի ծախս է կատարվում ցանքատարածությունների վրա, իսկ էսօր ընդամենը 25-30 ցենտների դեպքում նույնիսկ ինքնարժեքն էլ չի փակում»:

Պարտքով ու վարկով վար ու ցանք, հիմա էլ քաղ արած գյուղացին ուզի, թե չուզի այդ գնով մթերելու է, որ պարտքերը փակի: Սակայն ոչ բոլորն են պատրաստվում 105 - 110 դրամով ցորեն մթերել:

Ազատանցի ֆերմեր Գևորգ Աբրահամյանը հաշվել է. տարիներ առաջ 1 տոննա ցորենի վաճառքից ստացված գումարով ավելի շատ հոգս էր հոգում, քանի հիմա. – «Տարիներ առաջ բերքահավաքի սեզոնին ցորենը մեր մոտ վաճառվել է 140-150 դրամով: Եվ վերցնենք վառելիքի կուրսը ինչքան է եղել էն ժամանակ: Դրամն էլ է արժեվորված էղել: Էդ 150 հազար դրամով ահագին հարց կարելի էր լուծել, մեկ տոննա ցորենի վաճառքից գոյացած գումարից: Էսօր մեկ տոննա ցորենի վաճառքի գումարից ոչ մի հարց չես կարող լուծել»:

Վարդան Իկիլիկյանն առաջարկում է, որ ցորենը ընդգրկվի ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանքում. – «Ընդհանրապես բարձիթողի վիճակ է, ով ինչ գնով ուզում մթերում է, ով որտեղից ուզում տանում է: Իսկ հացը, ըստ իսկ, կապի և մյուս ծառայությունների նման, ռազմավարական նշանակություն ունի: Հարկավոր չէ բաց թողել, հարկավոր է ճիշտ կառավարել, որպեսզի նաև էսօրվա տնտեսվարողը կարողանա գոնե չնչին եկամուտ ապահովել հացահատիկից, որպեսզի կարողանա մյուս տարի էլ ցանել»:

Եթե պետությունը դառնա ցորեն մթերողն ու գին սահմանողը, ապա միջնորդները խաղից դուրս կհայտնվեն, և արդյունքում գյուղացին կարող է շահել, կարծում է Ազատանի համայնքապետը։ Նրա խոսքով, եկամտի աճի արդյունքում ավելի շատ հող կմշակվի, ու եթե չմշակվող ցանքատարածություններում ցորեն ցանվի, ապա Հայասատանը կարող է դառնալ ինքնաբավ երկիր. – «Հարկավոր է գոնե մնացած 200 հազար հեկտարը հանրապետությունում, որը չի մշակվում... գոնե 100 հազարը որ հացահատիկ մշակվի, գրեթե 95-98 տոկոսով մեր երկրում հացահատիկի խնդիրը կբարելավվի»:

Շիրակի մարզի գյուղերում բերքահավաքի այս սեզոնին բնորոշ եռուզեռը նկատելի չէ, խանգարում է անձրևային եղանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG