Մատչելիության հղումներ

Նոր դեղամիջոց, որը կարող է փոխարինել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին


Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսի դեմ հակամարմիններից կազմված կոկտեյլ են ստեղծել, որը, ինչպես հայտարարում են, ի վիճակի է արդյունավետ կերպով բարելավել Covid-19-ով հիվանդի վիճակը վարակվելու սկզբնական շրջանում, ինչպես նաև կանխել վարակվելու վտանգը: Այս մասին հայտարարում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանին կից բժշկական կենտրոնի գիտնականների խումբը:

Մասնագետները նշում են, որ այդ կոկտեյլի հիմքում հիվանդների մոտ առկա ամենաակտիվ հակամարմիններն են, որոնք կարողացել են առանձնացնել վարակակիրների հետ աշխատելու ընթացքում։

«Մենք կարծում ենք, որ ծանր վիճակում գտնվող հիվանդները տևական ժամանակ գտնվել են վարակի մեծ քանակության մասնիկների ազդեցության տակ, ինչն էլ թույլ է տվել իրենց իմունային համակարգին արտադրել ուժեղ պատասխան ռեակցիա», - ընդգծել է հետազոտության ղեկավար գիտնական Դևիդ Խոն:

Նրա խոսքերով՝ այդ հակամարմինները կարող են «մեծ քանակությամբ» վերարտադրվել դեղորայքի տեսքով, ինչն էլ ի վիճակի է բուժել հիվանդներին հատկապես հիվանդացության վաղ շրջանում։ Ուսումնասիրության հեղինակները շեշտում են նաև, որ հակամարմիններից կազմված դեղամիջոցի ստեղծումը նվազ ժամանակատար է, քան, օրինակ, սովորական դեղի կամ պատվաստանյութի ստեղծումը:

Այս նոր հայտնագործությունն առայժմ փորձարկվում է կենդանիների վրա: Մարդկանց վրա կլինիկական փորձարկումների փուլը նախատեսված է հոկտեմբերին, և եթե այն հաջող ընթացք ունենա, ապա նոր այս դեղամիջոցը ընդհուպ կարող է փոխարինել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին ու կիրառվել ինչպես պրոֆիլակտիկ, այնպես էլ բուժման նպատակներով:

Աշխարհի բնակչության յուրաքանչյուր 520 հոգուց առնվազն մեկը վարակված է կորոնավիրուսիով

Մինչ այդ, պատվաստանյութի բացակայության պայմաններում, աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների նորանոր ռեկորդային բարձր թվեր են արձանագրվում։ Անցած մեկ օրում հայտնաբերվել է հերթական ամենաբարձր թիվը՝ շուրջ 280 հազար՝ մեկ օրվա կտրվածքով: Միայն Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է 72 հազար վարակակիր, Բրազիլիայում՝ ավելի քան 65 հազար, Հնդկաստանում՝ շուրջ 45 հազար:

Այսպիսով, Covid-19-ով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 15,2 միլիոնը, այսինքն աշխարհի բնակչության յուրաքանչյուր 520 հոգուց առնվազն մեկը վարակված է կորոնավիրուսիով։ Հիվանդությունից մահացել է ավելի քան 623 հազարը: Ընդ որում՝ ինչպես պարբերաբար շեշտում են մասնագետները, իրական թվերը կարող են շատ ավելին լինել՝ հաշվի առնելով մի շարք երկրներում թեստավորման խնդիրները, վիճակագրական անճշտությունները կամ թաքցնելու փորձերը։

ԱՄՆ-ում 16 օրվա ընթացքում վարակակիրների թիվը ավելացավ մեկ միլիոնով

Ծանր է կացությունը հատկապես Նահանգներում՝ երեկվա դրությամբ վարակակիրների ընդհանուր թիվը շուրջ չորս միլիոն էր, մահացածների թիվը հասել է 143 հազարի:

Երկրում առաջին մեկ միլիոն վարակակիրների թիվը արձանագրվել է 98 օրում, 43 օրում՝ երկու միլիոնի հասավ, 27 օրում` երեք միլիոնի և ընդամենը 16 օրում երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասավ չորս միլիոնի։

Միայցալ Նահանգներում վարակի բռնկումից ի վեր իրականացվել է ավելի քան 50 միլիոն թեստավորում։ Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերով՝ կառավարությունը զուգահեռաբար փորձում է յուրաքանչյուր նահանգին ապահովել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի անհրաժեշտ քանակով, որն ըստ Սպիտակ տան ղեկավարի, հրաշալի արդյունքներ է ապահովում կորոնավիրուսով վարակվածների բուժման գործում։

Ֆրանսիայում բնակիչներին անվճար դիմակներ կբաժանվեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր վարակակիրների աճող վիճակագրությունը կապում է հակահամաճարակային սահմանափակումների թուլացման հետ, ինչը մասնավորապես հանգեցնում է մարդկանց միջև սոցիալական հեռավորության խախտման: Եվրոպական մի շարք երկրներում՝ Իսպանիայում, Բելգիայում, Չեխիայում վարակի նոր օջախներ են հայտնաբերվում՝ ստիպելով իշխանություններին վերականգնել հակահամաճարակային որոշ սահմանափակումներ։

Ֆրանսիայի կառավարությունը որոշել է երկրի բնակիչներին անվճար բաժանել մոտ յոթ միլիոն պաշտպանիչ դիմակ: Ֆրանսիայում դիմակների կրումը պարտադիր է հանրային տրանսպորտում և փակ տարածքներում։

Թուրքմենստանում «պրոֆիլակտիկ» սահմանափակումներ են մտցվում

Թուրքմենստանում, որտեղ իշխանությունները համառորեն պնդում են՝ չկա կորոնավիրուսի գեթ մեկ վարակակիր, կոշտ սահմանափակումներ են մտցվում՝ մինչև օգոստոսի 1-ը փակվում են խոշոր առևտրային կենտրոնները, շուկաները, ժամանցային վայրերը, ռեստորանները, մարզական կառույցները:

«Ազատության» թուրքմենական ծառայության փոխանցմամբ՝ իշխանությունները սահմանափակումները բացատրում են վարակային հիվանդությունների պրաֆիլակտիկ նպատակներով։

Անցած օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել Թուրքմենստանի իշխանություններին սահմանափակումներ մտցնել երկրում, նույնիսկ եթե վարակի որևէ դեպք չի արձանագրվել:

«Ազատության» թուրքմենական ծառայության թղթակիցները տեղից հաղորդել են, որ թոքաբորբից մահացածների թվի կտրուկ աճ է նկատվում երկրի գրեթե բոլոր շրջաններում, և շատ դեպքերում նրանց թեստավորման պատասխանը հաստատում է կորոնավիրուսի առկայությունը, ինչը, սակայն, իշխանությունները թաքցնում են:

XS
SM
MD
LG