Մատչելիության հղումներ

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ


Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր, Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊՆ խոսնակը նշել է, որ հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

«Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։

Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ:

Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ:

Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ», - գրել է Ստեփանյանը:

ՊՆ խոսնակը նաև հայտնում է. «Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում»։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, ու մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Շաբաթավերջից սահմանին պահպանվում էր հարաբերական անդորր, սակայն երեկ՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը, որը հետ է մղվել հայկական ԶՈւ ստորաբաժանման կողմից:

XS
SM
MD
LG