Մատչելիության հղումներ

Վերջին ամիսների ընթացքում Բաքուն խաղաղ գործընթացը վերադարձրեց 2016-ի ապրիլի դրության. Աննա Նաղդալյան


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Վերջին իրադարձությունները և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններն ի ցույց դրեցին, որ ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի հարցերին:

«Մենք ավելի վաղ ձեռք էինք բերել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ պայմանավորվածություն», - հիշեցրել է Նաղդալյանը:

Հարցին՝ «կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ղարաբաղյան կարգավորումը հետին պլան է մղվել», խոսնակը, Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, արձագանքել է. - «Դեռևս 2016 թվականին Ադրբեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր. նվազել էր հրադադարի ռեժիմի խախտման ցուցանիշը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, որի իրագործման առաջին քայլը դարձավ լրագրողների փոխանակման ծրագիրը: Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը և սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին և տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, ու մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Շաբաթավերջից սահմանին պահպանվում է հարաբերական անդորրը:

XS
SM
MD
LG