Հանձնարարականներ են տրվել, որպեսզի սահմանապահ համայնքների դպրոցներում պատշաճ պատրաստություն լինի ապաստարանների տեսակետից, Իջևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբայանն էլ ասաց, որ նախատեսում են նոր ապաստարանների ստեղծում և՛ դպրոցներում, և՛ դպրոցներին կից:
«Կրթական հաստատությունների ապաստարանները դիտարկում ենք նաև որպես ընդհանրապես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ և անկախ նրանից՝ ուսումնական ժամանակաշրջան է, թե ոչ, ապաստարանները պետք է լինեն պատրաստ ընդունելու քաղաքացիներին», - ասաց մարզպետը:
Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ ադրբեջանական ԶՈւ-երի կողմից այս օրերին կրթօջախները թիրախավորելու առնչությամբ դիմումներ են ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլային: «Որովհետև, ըստ էության, սրանով թիրախավորվում են հանրային օբյեկտները, մասնավորապես, կրթական: Անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է, սա անթույլատրելի իրավիճակ է», - ասաց նախարարը:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել էր հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ: