Մատչելիության հղումներ

Հայաստանի զինված ուժերը տվյալ դեպքում ինքնաբավ են, կարող են կատարել իրենց խնդիրները. Հովհաննիսյան


«Հայաստանի զինված ուժերը, տվյալ դեպքում ընթացող մարտական գործողությունների ծավալի, բնույթի և այլ հարցերով եթե մեկնաբանենք, ինքնաբավ են և կարող են կատարել իրենց խնդիրները», - Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հայ-ռուսական զորախմբի գործառույթների մասին հարցին:

«Հայ-ռուսական զորախումբն ունի իր գործողությունների համապատասխան պլանը, թատերաբեմը, ուղղությունը, և ՀԱՊԿ-ը լինի, թե առանձին զորախմբի կիրառման հարցը, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, տվյալ դեպքում ընթացող մարտական գործողությունների ծավալի, բնույթի և այլ հարցերով եթե մեկնաբանենք, ինքնաբավ են և կարող են կատարել իրենց խնդիրները: Նման անհրաժեշտություն չկա», - ասաց Հովհաննիսյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցի անդրադառնալով Թուրքիայի Ադրբեջանին աջակցելու մասին հայտարարություններին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Ինձ ևս մի հարց էին տալիս՝ կապված թուրքական ռազմաօդային տրանսպորտի Բաքու ժամանելու հետ: <...> Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նորություն չէ, գիտենք Թուրքիայի հայտարարությունները Ադրբեջանին աջակցելու մասով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական իմաստով, մեկ, երևի ռազմատրանսպորտային ինքնաթիռը նաև դրա համար է ժամանել Բաքու: Մյուս կողմից էլ մի քիչ զավեշտալի է ստացվում՝ Ադրբեջանը կարծես թե լիովին ինքնաբավ պետություն էր ռազմական առումով՝ մեծ-մեծ, այսպես, հոխորտացող հռետորաբանությամբ, և եթե այս ընթացքում այսքան մարտերից հետո հրատապ այդ կարիքը կա տրանսպորտով ինչ-որ բան փոխադրելու, դա մի քիչ հարցեր է առաջացնում»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների «անակնկալ բարձր աստիճանի բերելը, զորավարժությունները և այլն», Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ռուսաստանը մեծ պետություն է՝ հզոր բանակով, և շատ հաճախ կարող է իրականացնել նման գործողություններ, ես չեմ կարող մեկնաբանել դրանց քաղաքական և մնացած իրադարձությունների հետ կապը: Կարող եմ միայն ասել, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ռուսական զորքերի հետ, մասնավորապես՝ 102-րդ ռազմաբազայի հետ, ունեն նաև այդ շրջանակում՝ այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում, համատեղ միջոցառումներ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում»:

«Մասնավորապես 102-րդ ռազմաբազայի հետ այս մեծ զորավարժությունների ընթացքում ՀՀ Զինված ուժերից կներգրավվեն բավականին մեծ ուժեր, մոտավորապես մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային հրետանային, մոտոհրաձգային և այլն», - հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը:

Ի պատասխան հարցերից մեկի էլ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց իսրայելական SkyStriker անօդաչու թռչող սարքի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու մասին տեղեկությունը. «Այո, հաստատում եմ, և սակայն չեմ ուզում բացեմ փակագծերը, որովհետև մեր ձեռքին շատ հաճախ ադրբեջանական զենք-զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի նմուշները հայտնվում են ամենատարբեր մեթոդներով ու եղանակներով, դրանք այնքան էլ ճիշտ չի մեկնաբանել և բացել փակագծերը»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

XS
SM
MD
LG