Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
«ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակում են ուշադրությամբ հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
Այսօր արդեն 2 կողմերը հայտնել են կորուստների մասին. ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Ադրբեջանը հաղորդել է իր բարձրաստիճան զինվորականների սպանվելու մասին։ Օրվա առաջին կեսին Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերի հետ մարտերում զոհվել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ դիրքավորված Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր։