Մատչելիության հղումներ

Ֆաուչի․ «Պատվաստանյութը կարող է պատրաստ լինել արդեն այս տարեվերջին»


«Մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ կլինի արդեն առաջիկա կես տարում», - երկուշաբթի երեկոյան Սթենֆորդի համալսարանի բժշկակական հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է Covid 19-ի դեմ պայքարի ամերիկյան գլխավոր համակարգողներից մեկը՝ Համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին։

Նրա խոսքով, այժմ միանգամից մի քանի ընկերություններ զուգահեռաբար զբաղված են պատվաստանյութի ստեղծմամբ․ - «Մենք զգուշավոր լավատեսություն ենք ցուցաբերում առ այն, որ այս տարեվերջին կամ 2021 թվականի սկզբին կարող ենք մեկ կամ գուցեև մեկից ավելի պատվաստանյութ ունենալ։ Ես անձամբ հույս ունեմ, որ այդ ժամանակահատվածում մեկից ավելի պատվաստանյութ հասանելի կլինի»։

Ամերիկացի մասնագետի խոսքով, պատվաստանյութի ստեղծումը խիստ կարևոր է աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում Միացյալ Նահանգների համար, որտեղ վարակակիրների թիվը շարունակում է սրընթաց կերպով աճել հատկապես երկրի հարավային նահանգներում։

Էնթոնի Ֆաուչիի համոզմամբ, ԱՄՆ-ում կորոնավիրուսի նման լայն տարածման պատճառը տնտեսության վաղաժամ վերագործարկումն էր։ Ամերիկյան մի շարք հեղինակավոր պարբերականների տեղեկություններով, ի դեպ, Ֆաուչիի այս հայտարարությունները լուրջ դժգոհություն են առաջացնում Սպիտակ Տանը։ Դա էր պատճառը, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեկ երեկոյան Վաշինգտոնի հրավիրված ասուլիսի ընթացքում հնչած առաջին իսկ հարցը վերաբերում էր Սպիտակ տան ղեկավարի և երկրի գլխավոր համաճարակաբանի հարաբերություններին։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Ֆաուչիի հետ, բավական երկար ժամանակ է, ինչ մենք լավ հարաբերություններ ունենք։ Բայց միշտ չէ, որ ես համակարծիք եմ նրա հետ», - լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասել է Թրամփը։

Ֆաուչիի և Թրամփի տարաձայնությունների մասին հերթական լուրերը սկսեցին շրջանառվել կորոնավիրուսի տարածման տեմպերի չդադարող աճի ֆոնին։ Միացյալ Նահանգներում վերջին մեկ օրում գրեթե 64 հազար նոր վարակակիր է հայտնաբերվել, 394 մարդ մահացել է։

Անմխիթար այս վիճակագրության ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արձանագրում է, որ աշխարհի պետությունների մի զգալի մասը դադարել է կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ քայլեր ձեռնարկել։

«Թույլ տվեք ինձ կոպիտ արտահայտվել՝ չափազանց շատ երկրներ են սխալ ուղղությամբ շարժվում։ Վիրուսը շարունակում է մեր թիվ մեկ հանրային թշնամին մնալ, բայց բազմաթիվ կառավարությունների և ժողովուրդների պահվածքից դա չի զգացվում։ Եթե կառավարությունները հստակ ուղերձներ չեն հղում իրենց քաղաքացիներին, եթե չկա մարդկային կյանքերի փրկությանն ու վիրուսի տարածումը սահմանափակելուն ուղղված համալիր ռազմավարություն, եթե քաղաքացիները չեն հետևում տարրական կանոններին, ապա համաճարակաբանական իրավիճակը զարգացման միայն մեկ տարբերակ ունի՝ այն գնալով վատթարանալու է», - Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։

Հոռետեսական այս կանխատեսումների ֆոնին Covid 19-ի հաստատված դեպքերի թիվը շարունակում է աճել աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում։ ԱՄՆ-ից հետո վարակակիրների ամենամեծ թիվը արձանագրվել է Բրազիլիայում և Հնդկաստանում։

Առկա մտահոգիչ գործոններից մեկն էլ այն է, որ կորոնավիրոսի տարածման տեմպերը արագացել են նաև այն երկներում, որոնք համաճարակի դեմ հաջողված պայքարի օրինակ էին համարվում, ասենք Ավստրալիայում։ Այստեղ համաճարակի երկրորդ ալիքի էպիկենտրոն է շարունակում մնալ շուրջ հինգ միլիոն բնակչություն ունեցող Մելբուրնը, որտեղ վերջին 24 ժամերին ավելի քան 270 նոր վարակակիր է հայտնաբերվել։ Վերջին օրերին նոր դեպքեր են արձանագրվել նաև երկրի ամենախիտ բնակեցված նահանգում՝ Նոր Հարավային Ուելսում, որի վաչապետը՝ հայազգի գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը պնդում է, որ առայժմ լավատեսության հիմքեր չկան։

«Դուր է գալիս դա մեզ թե ոչ, իրականությունը սա է՝ բնականոն կյանքը չի վերականգնվել։ Եվ այդ բնականոն կյանքը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ պատվաստանյութ չի ստեղծվել։ Համաճարակի ընթացքում բնականոն կյանքն անհնարին է, ուստի մեզ այստեղ՝ Նոր Հարավային Ուելսում մեկ հարց է հուզում՝ ի՞նչ է հարկավոր անել վարակի տարածման ռիսկը նվազեցնելու, հանրային ակտիվության բարձր մակարդակը պահելու համար, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն շարունակել աշխատանքի գնալ և զբաղվել իրենց գործերով», - հայտարարել է Բերեջիկլյանը։

XS
SM
MD
LG