Ատգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է երեկ կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ և ևս երեք զինվորականներ: