Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում հորդ անձրևի հետևանքով առաջացած սելավը վնասներ է հասցրել գյուղացիներին


Մի քանի օր շարունակվող անձրևն ու կարկուտը վնաս են հասցրել գյուղացու թե՛ վարուցանքին, թե՛ ամբարած մթերքներին: Հորդ անձրևի հետևանքով առաջացած սելավը օրերս ավիրել էր ցորենի դաշտերը։

Շիրակի մարզում հիմնական վնասը վահրամաբերդցիներն են կրել։ Գևորգյան եղբայրները ցորեն էին ցանել ու լավ բերք էին սպասում, բայց սելավը գրեթե ամբողջովին քշել տարել է:

«Ցորեն ունեինք ցանած, մեր հողերն է այդտեղ, մի հեկտարից ավելի ցորեն է ու քաղած խոտը, քաղել էինք, որ բերեինք, չհասցրեցին», - ասաց եղբայրներից մեկը:

Դա քիչ է, ռուսական ռազմաբազայի զինտեխնիկան էլ մտել, դաշտերով է ճանապարհ բացել: Ռուսական բազայի Կամխուտ ուսումնավարժարանի ճանապարհը դաշտերի կողքով է անցնում, բայց գյուղացիների խոսքով՝ ճանապարհը թողած դաշտերով են գնում: Սա տարիներ ձգվող վեճ է տարածքում հող ունեցողի ու ռուսական բազայի միջև:

«Զինտեխնիկան հնարավոր չի եղել, թե անանցանելի է եղել, ինչ է եղել, նորից դաշտերի մեջ կրկնակի վնաս է բերել, դա մենակ էս տարի չէ, ամեն տարի համարյա նույն պատմությունն է», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Ցեխը սարերից հասել էր Գյումրի-Ամասիա մայրուղի, որտեղից էլ արդեն Մարմաշեն գյուղի տներն էր լցվել: Մոտ մեկ տասնյակ գյուղեր տուժել էին հեղեղումների հետևանքով: Մայիսյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի կարծիքով՝ խնդիրը սելավատարների հետ է կապված:

«30 քանի սելավատարեր կան մեր բնակավայրում՝ 16 բնակավայրերի հետ կապված, էդ մաքրելը, ամեն մեկը 3-4 կլիոմետր սելավատար է, մեր ուժերով հնարավոր չի եղել: Նաև պետք է դիմենք կառավարությանը, որպեսզի եթե հնարավոր է համապատասխան տեխնիկա տրամադրեն, որպեսզի սելավատարների մաքրման աշխատանքները ճիշտ կատարվեն», - ասաց Արշակյանը:

Շիրակի մարզում բնական աղետներն իրար են հաջորդում: Վերջին երկու ամիսների ընթացքում քամուն ու պտտահողմերին գումարվել է նաև կարկուտի հասցրած վնասը։ Շիրակի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Արամ Անտոնյանը գյուղերում հերթական աղետի հասցրած վնասի չափերն էր արձանագրում: Մինչ սելավը համայնքները արդեն իսկ մի քանի տասնյակ միլիոն դրամի վնաս կրել էին։

«Մոտավորապես 70-75 միլիոնի արդեն հաշվարկած ունենք և՛ քամու հետևանքով հասցված վնասները, և՛ կարկտահարության վնասները: Այս պահին արդեն ավարտական փուլում են Ախուրյանի տարածաշրջանի մի քանի գյուղերում կարկտահարության հետևանքների գնահատումը: Հիմա նաև ավելացավ այս վնասները, նորից տեղական հանձնաժողովներն աշխատում են, երևի օրվա ընթացքում կավարտեն, կամփոփեն, կներկայացնեն մեզ, արդեն կունենանք որոշակի պատկեր», - նշեց Անտոնյանը:

Կառավարությունն առայժմ տուժած համանքներին վնասի փոխհատուցում չի տրամադրել: Ներկայացված ակտերը ճշգրտվում են, որից հետո նոր միայն պարզ կլինի փոխհատուցում կտրամադրվի, թե՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG