Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը


«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը չի ընդունում ընտրակաշառք բաժանելու համար առաջադրված մեղադրանքն ու բողոքարկել է իրեն երկու ամսով կալանավորելու դատարանի երեկվա որոշումը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբան Էմին Բեգլարյանը։

Դատարանը հիմնավոր է համարել կասկածը, որ նախկին պատգամավորն առնչվում է 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընտրակաշառք բաժանելու՝ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ու նրան կալանավորելու հիմքեր տեսել։

Փաստաբանի խոսքով, կալանքի որոշմանը կից փաստաթղթերում ցուցմունք են տեսել, որի մեջ պնդում կա, որ 2017 թվականին Լոռու մարզում «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Վանիկ Ասատրյանն ընտրակաշառք է բաժանել։ Միջնորդել են մինչև կալանավորման հարցը քննելը, ցուցմունք տվողի և Վանիկ Ասատրյանի առերես հարցաքննություն իրականացնել, որն այդպես էլ իրենց անհայտ պատճառներով չի կայացել. – «Քննիչը մեզ հաջորդ օրը առավոտյան ինն անց կես հրավիրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որպեսզի մենք մասնակցենք հիշյալ առերես հարցաքննությանը, սակայն մեզ անհայտ պատճառներով, շուրջ վեց ժամ սպասելուց հետո տեղեկացել ենք, որ առերես հարցաքննությունը տեղի չի ունենալու, այն դեպքում, երբ որ առերես հարցաքննվողը ԱԱԾ քննչական դեպարտամենտի շենքում է եղել, մենք նրան պատահաբար տեսել ենք: Տվյալ անձնավորությունը իրականում հանդիսացել է Վանիկ Ասատրյանի նախընտրական շտաբի ակտիվիստ, որը զբաղվել է Վանիկ Ասատրյանի քարոզչությամբ»:

Փաստաբան Էմին Բեգլարյանն ասաց, որ իրավապահները խուզարկել են Վանիկ Ասատրյանի Սպիտակ քաղաքում գտնվող առանձնատունը, փաստաթղթեր են առգրավել, որոնք դրվել են մեղադրանքի և նրան կալանավորելու որոշման հիմքում։ Փաստաբանը չմանրամասնեց, թե ինչ փաստաթղթեր են եղել դրանք։ Բայց ասաց, որ դատարանի որոշման մեջ Վանիկ Ասատրյանի բնակության վայրի հասցեն սխալ է նշված եղել. – «Սխալ հասցեում խուզարկություն իրականացնելը հավասարեցվում է առհասարակ առանց դատարանի որոշման մարդու բնակարանի անձեռնամխելիությունը խախտելուն, հետևաբար դրա արդյունքում ձեռք բերված փաստաթղթերը նույնիսկ հետագայում չեն կարող որպես ապացույց թույլատրելի համարվել»:

Վանիկ Ասատրյանը 2002-2008 թվականներին եղել է Սպիտակի քաղաքապետ։ 2009 թվականից աշխատանքի է անցել Լոռու մարզպետարանում նախ որպես վարչության պետ, ապա՝ որպես մարզպետի տեղակալ։ Մշտապես եղել է Հանրապետական կուսակցության անդամ և 2016 թվականին Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար դարձյալ առաջադրել էր իր թեկնածությունը հանրապետական կուսակցի՝ գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանի դեմ։ Ընտրություններում պարտություն կրելուց հետո դուրս է եկել կուսակցությունից և արդեն 2017 թվականի ԱԺ ընտրություններում առաջադրվել որպես «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածու։

Ասատրյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը դաշինքի ցուցակում ընդգրկվել է որպես անկուսակցական. – «2017 թվականին ընդամենը ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու, ԲՀԿ անդամ չի հանդիսացել: Ընդ որում, 2017 թվականի ապրիլին Սպիտակ քաղաքում գործել է և' ԲՀԿ նախընտրական շտաբ, և' դրանից առանձին գործել է Վանիկ Ասատրյանի նախընտրական շտաբը»:

Մոտ մեկ ամիս առաջ Սպիտակից ոչ հեռու գտնվող Գոգարան գյուղում բնակիչներն «Ազատությանը» պատմել էին, թե բոլորին հայտնի բան է՝ 2017-ին ընտրակաշառք համատարած է բաժանվել։ Ընդ որում, ասում էին, որ «Բարգավաճ Հայաստանն» իրենց գյուղում ներկայացուցիչներ ուներ, որոնք իրենց հերթին ենթարկվում էին Սպիտակ քաղաքի ԲՀԿ-ականներին։

«Ինձ էլ առաջարկել, որ բաժանեմ մարդկանց փող: Բերել են տվել են, ասել են` բաժանի: Էդ ինչ գաղտնիք կա... Ստեղ 3-4 հոգի փող ա բաժանել Բարգավաճի համար», - «Ազատությանն» ասաց Գոգարանի բնակիչներից մեկը:

Գոգարանում 2017 թվականին «Բարգավաճ Հայաստանի» գործերը համակարգած Բենիամին Տիգրանյանը հերքել էր, թե փող բաժանելու հետ գործ է ունեցել, բայց հիշատակել էր «Ծառուկյան դաշինք» խմբակցության երեկ կալանավորված նախկին պատգամավորին՝ Վանիկ Ասատրյանին, ու ասել, թե նրանից գումար չի ստացել, միայն խոստումների դիմաց է ընդառաջել իրենց տարածաշրջանի թեկնածուին։

Վանիկ Ասատրյանը խոստացել է Սպիտակի իրեն պատկանող կարի արտադրամասերի մասնաճյուղ բացել գյուղում, որն այդպես էլ չի բացվել։

Բենիամին Տիգրանյան. – «Էն մարդը խոստացել ա, որ ինչ-որ հարցերով` տեխնիկայի, թե ասենք աշխատանքի տեղ բացելու, մեզ կօգնեն, մենք էլ իրանց օգնել ենք»:

Նշենք, որ 2017-ի ընտրություններից ընդամենը մեկ տարի անց` արդեն հեղափոխությունից հետո, Վանիկ Ասատրյանը դարձյալ նույն ընտրատարածքում առաջադրվել է որպես ԲՀԿ ռեյտինգային թեկնածու և չի ընտրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG