Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն ԵՄ աջակցությամբ ձեռք բերված 10 հազար COVID-19-ի ախտորոշման թեստ է տրամադրել Հայաստանին


Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում, արխիվ
Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում, արխիվ

Երևան են հասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10 հազար թեստեր՝ աջակցելու Հայաստանի արձագանքմանը կորոնավիրուսի համավարակին:

«Ախտորոշման թեստերը ձեռք են բերվել ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, ինչը թույլ կտա ընդլայնել քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումը երկրի ամբողջ տարածքում։ Այս մոտեցումը համահունչ է ԱՀԿ-ի առաջարկություններին. թեստավորել բոլոր կասկածելի COVID-19 դեպքերը՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և դրա տարածումը վերահսկելու նպատակով», - ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրությունում: - «Մատակարարման որակի՝ ԱՀԿ հավաստիացում ստացած թեստերի այս տեսակի միջոցով հնարավոր կլինի ընդամենը 75 րոպեի ընթացքում ստանալ ճշգրիտ պատասխան: Նման կարճ ընթացքի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, նվազեցնել մարդկային սխալները և մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների»:

Ախտորոշման թեստերի առաքումը ստանալու նպատակով երեկ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը հանձնել են թեստերը Առողջապահության նախարարությանը՝ որպես երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ առավել լայն օժանդակության մաս: Թեստերը կուղարկվեն Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը՝ Երևանում և մարզերում։

Վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 26 հազարը, հիվանդությունից մահացել է 453 մարդ, բուժվել է շուրջ 14,5 հազարը, մոտ 11 հազար քաղաքացի շարունակում է բուժում ստանալ:

XS
SM
MD
LG