Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն ու արտախորհրդարանական մի քանի ուժեր հնարավոր է համագործակցության հուշագիր ստորագրեն


ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, արխիվ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, արխիվ

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ն ու արտախորհրդարանական մի քանի ուժեր այժմ ակտիվորեն քննարկում են համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, 19-ը հունիսի, 2020թ.
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, 19-ը հունիսի, 2020թ.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բնական է համարել, որ այն ուժերը, որոնց հետ արդեն ունեն համագործակցության դաշտ, առաջիկայում հուշագիր ստորագրեն։

Հայտնի է, որ վերջին շրջանում ԲՀԿ-ն և մի շարք արտախորհրդարանական ուժեր, մասնավորապես, Դաշնակցությունը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք»-ը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը քննարկումներ են անցկացնում։

Թե արդյոք համագործակցության արդյունքում քաղաքական ուժերը բարձրացնելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, ԲԿՆ-ն առայժմ չի հստակեցնում։ Այնուամենայնիվ, քննարկումներին մասնակցող Արթուր Վանեցյանը մի քանի անգամ նշել է Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին, իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պահանջել է կառավարության 100 տոկոսի փոփոխությունը։

«Եթե մենք համագործակցում ենք, բնականաբար, պետք է լինի նաև համագործակցության հուշագիր, որտեղ մենք կնշենք մեր առաջիկա և՛ մարտավարական, և՛ առավել մեծ ռազմավարական քայլերը», - ասաց Զոհրաբյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, 19-ը հունիսի, 2020թ.
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, 19-ը հունիսի, 2020թ.

Այն, որ քննարկումների արդյունքում կարող է հուշագիր ստորագրվի, չբացառեց նաև ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, սակայն դեռևս հստակ չէ՝ երբ։ Առայժմ ուրվագծվում են համագործակցության եզրերը։

«Վերջնական համաձայնություն չունենք: Այս պահին ճիշտ է ֆիքսելը, որ մենք ունենք շատ ակտիվ շփումներ, մի քանի նախագծերի վրա աշխատում ենք: Երբ որ համաձայնության կգանք և ամեն ինչ պատրաստ ու հստակ կլինի, համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք», - ասաց Սաղաթելյանը:

«Ազատության» հարցին՝ ունե՞ն ժամկետներ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Ոչ, երբ ստացվի, որևէ ժամկետի սահմանափակում չկա: Կարող է լինի վաղը, կարող է լինի վեց ամիս հետո»:

Հարցին էլ, թե քննարկումները անցկացվում են իր, Ծառուկյանի և Վանեցյանի մասնակցությա՞մբ, Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք երեքով միասին չենք հանդիպել մինչև հիմա, այսինքն տարբեր ֆորմատներով՝ առանձին-առանձին ենք հանդիպել մեկս մյուսի հետ»:

Սաղաթելյանի փոխանցմամբ, երկրում ստեղծվել է քաղաքական և կառավարման ճգնաժամ, որից դուրս գալու ելքեր են պետք։ Դաշնակցության մոտեցումն այն է, որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում և ամեն ինչ պետք է արվի, որ երկրի ներքին կայունությունը չխաթարվի։

«Շատ կոնկրետ դետալների մասին համագործակցության հուշագրի, այս պահին նպատակահարմար չեմ գտնում խոսել, բայց Դաշնակցության պատկերացրած ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որի միջոցով պետք է ձևավորվի նոր որակի իշխանություն», - ասաց Սաղաթելյանը:

«Ազատության» դիտարկմանը, այսինքն այս պահին Դաշնակցությունը չի դնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, այլ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը արձագանքեց. «Այո, մեր համար ռազմավարական և գլխավոր նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Մենք գտնում ենք, որ անձին փոխելով ոչինչ խորքի մեջ, համակարգային չի փոխվելու, պետք է տեղի ունենան ընտրություններ, քաղաքական ուժերը ներկայանան իրենց թիմերով, ծրագրերով, և մեր հասարակությունը ընտրի՝ որ ուժերին է վստահում: Ես չեմ բացառում այդ ճանապարհին ո՛չ ազգային համաձայնության, ո՛չ ժամանակավոր, ո՛չ անցումային կառավարությունների առաջարկը, բայց սա մեր գլխավոր պահանջը չէ, մեր հիմնական պահանջը արտահերթ ընտրություններն են: Դրան հասնելու ճանապարհները կարելի է քննարկել, որովհետև արտահերթ ընտրություն չի կարող լինել առանց կառավարության հրաժարականի»:

Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց։ Սակայն վերջերս, Վանաձորում կուսակցության գրասենյակի բացման ժամանակ Վանեցյանը նշել էր, որ պետք է համախմբվել մի օրակարգի շուրջ, տվյալ դեպքում ձևավորվել ազգային համաձայնության կառավարություն։

«Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, և այսօրվա Ազգային ժողովը պետք է նախաձեռնի նոր ազգային կառավարության ձևավորում, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, աղետ է», - ասել էր Արթուր Վանեցյանը, շեշտելով, թե կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց, որ այսօրվա ղեկավարները պատրաստ չեն ծանր վիճակներում իրականացնել արդյունավետ կառավարում, և որ նրանք տապալել են համաճարակի դեմ պայքարը։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ եթե քաղաքական քննարկումների մեջ գտնվող Դաշնակցությունը կարևորում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ապա Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք»-ը անհրաժեշտ է համարում ազգային համաձայնության կառավարության ձևավորումը։

Թեև ինչպես նշեց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը, իրենք չեն բացառում արտահերթ ընտրություններին հասնելու ճանապարհին նաև ժամանակավոր կառավարությունների ձևավորման առաջարկը։

Առայժմ պարզ չէ, թե արդյոք առաջիկայում նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ ԲՀԿ-ի, Դաշնակցության և «Հայրենիք» կուսակցության ղեկավարների մասնակցությամբ։ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երբ նման անհրաժեշտության լինի՝ կհանդիպեն։

XS
SM
MD
LG