Հրեական 12-րդ հեռուստաալիքի լրագրողները կատարել են ուսումնասիրություն, ըստ որի (համաձայն պաշտոնական վիճակագրության) 2019թ. տարեսկզբից ամսական կտրվածքով ավելի շատ մարդ է մահացել, քան կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնված ժամանակահատվածում 2020-ին:
Նվազել են սպանությունների, ճանապարհատրանսպորտային երթևեկության և այլ պատճառներով գրանցված մահացությունների ցուցանիշները: Օրինակ` նախորդ տարվա մայիսին մահացել է 3 հազար 461 մարդ, այս տարի` հազար 400 մարդ պակաս` 2 հազար 61: Կորոնավիրուսից երկրում մահացել է 300 քաղաքացի:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Իսրայելում կարանտինի պայմանների թուլացումը բերեց համաճարակի վերադարձին, ու չնայած շոգ ու խոնավ եղանակին, մարդիկ սկսեցին կրկին հիվանդանալ ու տարածել համավարակը: Այսօր 148 նոր վարակակիր է հայտնաբերվել, ու թվերը մայիսի 20-ից սկսել են նորից աճել. եթե մայիսի վերջերին օրական կտրվածքով 20 նոր հիվանդ էր ախտորոշվում, համավարակը կարծես կրկին վերադարձել է, ու կառավարությունը երկրորդ ալիքի մասին է խոսում: Այժմ պաշտոնապես բուժվում է 3 հազար 477 պացիենտ, 19 հազար 8 մարդ է վարակվել:
Կորոնավիրուսով վարակի դեպքեր են հաստատվել նույնիսկ Քնեսեթում ու վարչապետի և նախագահի գրասենյակներում: Իրավիճակը բարդացավ հատկապես կրթական համակարգում դասերի վերսկսումից հետո: 160 կրթօջախ է փակվել, իսկ ավելի քան 17 հազար աշակերտներ, մանկապարտեզների սաներ, ուսուցիչներ և դայակներ կարանտինի մեջ են, քանզի երեխաները չնայած ջերմաչափումներին ու կրթօջախներում ողջ դասապրոցեսի ընթացքում դիմակներ կրելուն, վարակեցին մեկ մեկու, և յուրաքանչյուր դպրոցում նույնիսկ 1 դեպքի բացահայտման դեպքում, ոչ միայն դպրոցականներն ու ուսուցիչներն, այլև նրանց ծնողները կրկին հայտնվում են 14-օրյա կարանտինում:
Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա մինչև օրս վարակակիրներ չկան, և մահացության դեպքեր չեն գրանցվել: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը նույնիսկ կառավարության որոշումից առաջ էր փակել համայնքը, որի պատճառով հայկական թաղամասն ինքնամեկուսացվեց, պատմում է Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Չնայած, որ հունիսի սկզբից արդեն բացվել են հարսանյաց սրահներն ու մինչև 250 մարդ հավաքվելու թույլտվություն կա, հայկական համայնքի երկաթյա դարպասներն ցայսօր փակ են, ու միայն փոքր դռնից են համայնքի անդամները գնում տուն:
Երուսաղեմի ամենամեծ «Հադասա Էյին Քերեմ» հիվանդանոցում 2 հայ բուժքույր է աշխատում: Նրանցից «Հառ Հացոֆիմ» բաժանմունքի ավագ բուժքույր, հերթերի տնօրեն Նոյեմի Նալբանդյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել էր, թե ինչպես Իսրայելին հաջողվեց ճնշել համավարակի տարածումն ու 9 միլիոն բնակչության պայմաններում ունենալ նման դրական ցուցանիշներ, սակայն այսօր կրկին համավարակի վերադարձի մասին է նա պատմում.- «Հանեցին կարանտինը ժողովրդի համար, ծովեզերքները, զբոսայգիները: Հարսանիքներին ավելի շատ մարդ սկսեց մասնակցել, թաղումներին մարդիկ առանց դիմակի են գնում, մարդիկ սկսեցին ազատ զգալ, կարծես թե էլ չպիտի պատահեր, բայց մարդիկ իրենց պայմաններն ու զգուշությունը չեն պահում, և դա շատ մեզ ադեցություն ունի, արդյունքում վարակը նորից սկսվեց: Ափսոս, որ մարդիկ չեն հետևում, մեզ և կառավարությանը չեն լսում»:
Առողջապահական հաստատություններն էլ կրկին աշխատում են շատ ծանրաբեռնված ռեժիմով.- «Դե մենք հիվանդանոցում շատ զգույշ ենք, առանց ջերմություն չափելու չենք կարող մտնել, առանց դիմակի չենք կարող մտնել: 8 ժամ աշխատում ենք դիմակով, միշտ, ամեն տեղ ալկոգելը գրպանումս է, եթե հիվանդն էլ 37.5 ջերմություն ունեցավ, չենք թողնում ներս: Անպայման մենք շատ ուշադիր ենք»:
Նրա համոզմամբ` արդեն Իսրայելում կարելի է խոսել երկրորդ ալիքի մասին, ու վիճակը կրկին սկսել է վատթարանալ: